Jump to content

Էջ:Collected works of Atrpet.djvu/69

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

դառնացնելով, որ Ղասըմի մի թևը, հետևաբար և կյանքը ինքն էր փրկել, նա պարտական էր իրեն։

Ամբողջ տասը տարի Միր-Մուրթուզայի համար աշխատեց, հուսալով, որ վերջապես այդ անխիղճ արարածի սիրտը կհագեցնե և կբավականացնե, բայց զուր անցան Ղասըմի ջանքերը։ Սա ամեն տեսակ դառնություն, նախատինք, զրկանք սիրով տարավ, որ փոխարինե թևը կտրելուց ազատողի բարիքը, իսկ բարերարը փոխանակ բավարարվելու, օրեցօր գործերը ծանրացնում էր և ավելի պահանջող դառնում։

Միր-Մուրթուզան մի ընդարձակ կալվածք էր ձեռք բերել առնելիքի մեջ, որի անջրդի տափաստանները անապատի տեսք ունեին։ Շատ անգամ Ղասըմի հետ նրանք այդ կալվածքի համար հատուկ Թավրիզից երկու օրվա ճանապարհ էին գնացել, ամեն մի անգամին երեք-չորս օրով ման էին եկել այդ կալվածքի սահմանները, բայց ջուրը բերելու հնար չէին գտել։ Երևում էր, որ ժամանակին այդտեղ բնակություն եղել էր, հետևաբար պետք է որ ջուր էլ ունենար, բայց դարեր էին անցել, երկիրը անմարդացել, անապատ էր դարձել և ո՞վ կարող էր գուշակել, որ որտեղի՞ց էին ջուրը անցկացրել, տարել։ Բայց այնպես լավ հողեր ուներ այդ անապատը, այնպիսի դիրք, որ եթե հնարավոր լիներ ջրել, մի քանի հազար մարդու կերակրելուց ջոկ, տիրոջը ահագին գումար տալուց հետո, այնպիսի հազվագյուտ բերքեր կարելի էր առաջացնել այդտեղ, որ իսկապես անապատը կարելի էր դրախտի փոխարկել։ Այս պարագան կտրել էր Միր-Մուրթուզայի դադարումը, նա գիշեր-ցերեկ խելքը, միտքը կենտրոնացած մտածում էր այդ կալվածքի մասին։

Երկար խորհելուց հետո Ղասըմը կալվածատիրոջը խորհուրդ տվեց, որ սահմանակից լեռնային գյուղը գնե, որի սարերի լանջերում կարելի է ջուր գտնել և ցած բերելով անջրդի անապատը կենդանացնել։ Միր-Մուրթուզան հավանեց այդ խորհուրդը, լսեց Ղասըմին և գնեց սահմանակից լեռնային գյուղը։ Բայց այս գյուղի ջրերը հազիվ իր հողերին էին բավականություն տալիս, այնպես որ Ղասըմի անընդհատ ջանքերն ու աշխատությունները անպտուղ մնացին։