Ագահ կալվածատերը այնքան ման էր եկել Ղասըմի հետ, որ ինքն էլ արդեն քիչ թե շատ հասկանում էր․ նա նկատեց, որ վերջին անգամ գնած լեռնային գյուղի սահմանակից մի Շահզադի կալվածք շատ մեծ ջուր է պարունակում, որը գյուղացիների բոլոր մշակությունները ջրելուց հետո Շահզադի ահավոր այգեստաններին, մարդաստաններին և նոր տնկած անտառներին էլ բավականություն էր տալիս։ Այդ ջրերի ակունքներն այնքան մոտ էին Միր-Մուրթուզայի նոր գնած լեռնային գյուղին, որ եթե Ղասըմը ցանկանար, մի քանի գաղտնի քանքաններ փորեր, կարող էր Շահզադի կալվածքի ջրերը ակունքներից նրանց կեսը աննկատելի կերպով քաշել, դարձնել, իջեցնել դաշտը և իր բարերարի անապատը կենդանացնել։
Միր-Մուրթուզան, երբ երկար-բարակ քննեց և ըմբռնեց, որ կարելի է այդ կերպով իր ամայի երկիրը բնակության հարմարեցնել, սկսեց այլևայլ ձևերով, անուղղակի դարձվածներով հասկացնել Ղասըմին, որ սկսի այդ ջրերի՝ դեպ իր կալվածները դարձնելու հնարների մասին խորհել։ Իսկ Ղասըմը ցույց տալով, թե իբր չի ըմբռնում բարերարի խորհրդավոր ակնարկները, ասում էր․
— Աղա, քեզ մատաղ, ի՞նչ նշանակություն ունի քեզ համար փողը, տուր քսան հազար, քսանհինգ հազար թուման և գնիր Շահզադի կալվածքը․ արա՛, ինչպես որ կկամենաս։
Բայց Միր-Մուրթուզան արդեն վաղ էր փորձել․ Շահզադեն հիսուն հազար թումանով էլ չէր ծախի իր կայքը։ Նա հույս ուներ, թե նոր տնկած անտառը, որ արդեն տասը տարվան էր և հարյուր-հազարից ավելի բարդի էր բովանդակում, արդեն տասը տարուց հետո իրեն հարյուր հազար թումանից ավելի օգուտ կտար, էլ ինչի՞ էր ծախում։
Այս բոլորը աչքի առաջ բերելով, Միր-Մուրթուզան հաշվում էր, որ եթե հնար գտներ և իր կալվածքը կարողանար մի կերպ ջրել, նա տարեկան քսան-երեսուն հազար թումանից ավելի եկամուտ կունենար, ուստի վառված սրտով, առիթը պատահած ժամանակ, սուր-սուր սլաքներով խայթում էր