Ղասըմի սիրտը, որ նրան ամաչեցնե, թուլացնե, ստիպե և պարտավորեցնե, որ նա սկսի դարանավոր քանքաններ փորելու, որով համոզված էր բարերարը, թե նպատակին կհասնի։ Իսկ Ղասըմը սաստիկ էր բորբոքվում ու կատաղում, երբ նկատում էր, թե հեռվից-հեռու, զարտուղի ճանապարհներով դեպի ուր էր մղում նրան իր ազատարարը։
Վերջապես համբերությունը կտրված, մի օր Միր-Մուրթուղան իր թանաբու մոտի սենյակը կանչել տվեց Ղասըմին, որոնք կես արշին բարձրությամբ պատուհաններով բաժանված էին իրարից։ Կալվածատիրոջ թանաբին լցված էր բազմությամբ, որոնք շատ ցածր ձայնով իրար հետ մեծ ակնածությամբ խոսակցում էին տանտիրոջ մասին։ Երբ Ղասըմը մոտեցավ այն պատուհանին, որտեղ նստած էր Միր-Մուրթուղան, վերջինս նշան արավ, որ չոքի, և երկուսը սկսեցին իրար ականջում պատուհանի միջով իրար հետ այնպես ցածր խոսել, որ հանդիսականներից մարդ բան չէր կարող լսել։ Երբ Ղասըմը մոտ հրավիրվեց, նա արդեն իսկույն ըմբռնեց, թե բարերարը մի ինչ-որ ծանր առաջարկություն էր անելու։ Թեև դժկամած, բայց անճարացած մոտեցել, չոքել էր նրա առաջ խոստովանորդու նման և լսում էր հրամանները։
− Ճար չկա,− ասաց Միր-Մուրթուզան Ղասըմին,− քանի մարդի մեջ գցեցի, որքան մեծ գումար խոստացա, հնար չգտա, Շահզադան չի ծախում կալվածքը, իսկ մեր հողերը այնպես անջրդի, անապատ թողնելը մեղք է։ Քեզանից է կախված ամեն բան, որ ուզենաս կկենդանացնես, դրախտի կվերածես մեր անապատը, այն ժամանակ գուցե Շահզադան էլ խոնարհի ու ծախե իր գյուղը, այդ մեր սահմանակից կալվածքը։
Ղասըմը այս առաջարկությունը լսելով, աչքերը չռեց, հառեց ազատչի աչքերին և այնպիսի դաժան հայացքով զննեց, որ նույնիսկ ագահի սրտի խորքերը թափանցեց, կարդաց. այնպես որ նա մոլորվեց, մի քանի վայրկյան անշարժ մնաց։ Բայց իր արհեստի մեջ տոկուն վաճառականը շուտով ուշքը հավաքեց ու ավելացրեց.
- Ի՞նչ ես աչքերիս մեջ նայում, ի՞նչ ես մտածում կամ