Սամաթավա ամառանոցի հյուպատոսարանի հյուրասենյակում երբ տեղավորվեցանք, բոլոր սպասավորները մեզ թողին առանձին ու հեռացան, որ ձիերը դարմանեն, մեզ համար կերակուր պատրաստեն։ Մի քիչ լուռ հանգստանալուց հետո, երբ չէի կարողանում աչքիս առաջից հեռացնել քյուֆթերի սոսկալի պատկերը և նրանց խեղդուկ ձայնը չէր թողել ականջներիս ղժղժոցը, դարձա ռահընկերիս և հարցրի.
— Մի՞թե չի կարելի, որ հիվանդանոցներ հիմնեք, անկելանոցներ շինել տաք և այդ թշվառներին խնամեք, քան թե վերվարեք ամայի հեղեղատները։
— Ինչի՞ չի կարելի, բայց ո՞վ անի,— ասաց հառաչելով Միրզա-Մեհթին և նստած տեղը դիրք բռնեց ինչ-որ մի բան պատմելու։
Ես ուշքս կենտրոնացրի խոսակցիս դեմքի խորշոմների վրա, որոնք աստիճանաբար խստանում, կնճռվում էին։
Պետք է ասել, որ Միրզա-Մեհթին շուշեցի էր, ժամանակին ավարտել էր գավառական վարժարանը։ Սա ոչ միայն ռուսերեն գիտեր, իր խնդիրները անձամբ էր գրում, այլ բավական ծանոթություն ուներ աշխարհագրությունից, պատմությունից, բնական գիտություններից և շատ անգամ խոսակցությունը համեմում էր Գրիբոեդովից, Կռիլովից, Պուշկինից ու Լերմոնտովից սովորած ոտանավորներով ու առածներով։ Այս պատճառով Միրզա-Մեհթիին սիրել էին բոլոր հյուպատոսները,