էր Քադիջեն դեպի Իմամ–Ղուլին, որ վերջինիս հուսահատեցնելու և խելագարեցնելու աստիճանին էր հասցրել։
Իմամ-Ղուլին ոչ միայն մեզ դրացի էր, այլև վերջին կնոջս քեռորդին էր։ Սա հաճախ գալիս էր մեր տուն և մորաքրոջը պատմում էր գլխի անցքերը, հոգու վշտերը՝ նրանից մխիթարվելու հույսով, այնպես որ ինձանից ծածկածը մորաքրոջն էր հայտնում, նրանից պահածը ինձ էր պարզում։
Իմամ–Ղուլին խելացնոր չէր, բայց սերը նրան գժվացրել էր։ Ամբողջ կյանքը Քադիջեի շուրջն էր անցկացնում։ Ամառնային մի գիշեր, երբ ծառերի պտուղները կարմրել հասել էին, երբ ծիրանը աչք էր պարուրում և սիրտ գրավում, երբ խաղողի թափանցիկ սպիտակ ու սև ողկույզները ախորժակ էին բորբոքում, երբ ջերմությունից ամենքը սենյակներից դուրս էին թափվել, կտուրներին կամ բակերում էին պառկում, Քադիջեի զառամյալ ծնողները իրենց տան զավթում գլորվել քնել էին, իսկ արյունը բորբոքված, ջղերը գրգռված թշվառ աղջիկը բարձրացել էր ծիրանի ծառի ճղներին, թե՛ չորացած քերանի ծարավն էր հագեցնում ջրալի գեղձիկներով և թե՛ աչքը կտուրից դուրս ցցած զննում ու դիտում էր ինչպես աստղալից երկինքը, նույնպես և Այնալ-Զեյնալի կատարն ու նրա լանջերին տարածված հազարավոր բնակարանների լուսամուտներից ցոլացած ճրագները։
Իմամ֊Ղուլին, որ բլբուլի նման հսկում էր իր կոկոն Քադիջեի բացվելուն, երբ աղիողորմ ձայնով երգում էր նրա սերն ու գեղը, վարսերն ու ունքերը, աչքերն ու այտերը, թիկունքն ու կուրծքը, սիրուհուն ծառի ճղների մեջ նկատելուն պես օձի նման սողաց, անցավ պատից և ծառին փաթաթվելով բարձրացավ ու հասավ, գրկեց նրան այն րոպեին, երբ կույսը իր դժգույն մտքերով տարված, մտածել էր տխուր ապագան և հուզված թմրել էր ճղների մեջ տարածված։
Այս գրկախառնությունն ու համբույրը մի այնպիսի բերկրալի հաճույք և հրապույր պատճառեց, որ թմբիրից սթափված օրիորդը չուզեց մի վայրկյան զրկվել այդ քաղցր վայելքից և թույլ տվեց, որ ավելի պինդ հպի Իմամ-Ղուլիի աղվամազոտ դեմքը և բոցավառ շրթունքները իր եղնիկի երկար