Էջ:Collected works of Atrpet.djvu/79

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

հայրը, այնքան էլ հարուստ էր սափրիչ Աշրաֆը, որը 10—15 տարուց ի վեր այլևս արհեստը թողել, կալվածային հասույթով էր ապրում։ Այդ աշնանը Աշրաֆի որդին՝ Քերիմ-խանը, վերադարձավ Եվրոպայից և իջավ հոր տունը։ Քերիմը մանուկ հասակից իր գեղեցկությամբ և ընդունակություններով հաճելի էր դարձել շրջապատողներին։ Նա իր բնատուր տաղանդով հասել էր բարձր աստիճանների և հարստության։ Քերիմը 12-14 տարեկան մոլլայի մոտ աշակերտ եղած ժամանակ մեծ ընդունակություն էր ցույց տվել, այնպես որ 14 տարվան գրագիր էր մտել Հաջիոֆների մոտ։ Այնքան արագ և գեղեցիկ գրում էր թղթակցությունները՝ հատուկ ոճով, այնպես դյուրությամբ լուծում էր թվաբանական լուրջ և բարդ տոկոսային խնդիրներ, որ նույն տարին Քերիմին Թիֆլիզի վաճառատուն փոխադրեցին ամսական 30 ռուբլի ռոճիկով, բացի բնակարան, ապրուստ և հագնելիքը։

Թիֆլիզում Քերիմը ամբողջ ռոճիկը հատկացրեց երկու ուսուցչի, որոնք մի տարվան մեջ նրան սովորեցրին ռուսերեն և ֆրանսերեն։ Լեզուների հետ նա սովորեց գրահաշիվ, պատմություն, աշխարհագրություն։ Երկու տարվան մեջ Քերիմն այնքան առաջ գնաց, որ ոչ միայն խոսում, գրում էր ֆրանսերեն և ռուսերեն, այլև լայն հայացք ուներ մարդկային քաղաքակրթության մասին։

Այն ժամանակի Թիֆլիզի Պարսկաստանի գեներալ կոնսուլը Հաջիոֆի մոտից հանեց Քերիմին, տարավ իր մոտ քարտուղար նշանակեց՝ ամսական ութսուն ռուբլի վճարով։ Թե ինչպես են կողոպտում համշարիներին պասպորտի պաաճառով Պարսկաստանի կոնսուլները, ձեզ հայտնի է, իսկ Քերիմը նորանոր կեղեքումների դաս էր տալիս իր վարպետներին։ Այնքան աչք մտավ Քերիմը, որ երբ կոնսուլը Պետերբուրգի դեսպան գնաց, շահից խնդրեց, որ Քերիմին Թիֆլիզի կոնսուլ նշանակե խանի ու սերթիբի աստիճանի բարձրացնելով։

Քերիմ-խանը 11 տարի վարեց Թիֆլիզի կոնսուլի պաշտոնը և միլիոն թուման փող դիզեց բանկը։ Հարստությունը հիմնավորվելուց հետո դեսպան նշանակվեց՝ նախ Պետերբուրգ, ապա Բեռլին, Լոնդոն և Հռոմ։ Մեծ վեզիրը ագահ,