Jump to content

Էջ:Collected works of Atrpet.djvu/86

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

այնպես էր հրապարակ գալիս, որ ոչ ոք չէր կարողանում գուշակել, թե նա ուր էր առանձնանում։

Երբեմն Իմամ-Ղուլիին գտնում էինք մզկիթում, ուր ժամերով նստում քարոզ էր լսում և վիճաբանում էր ախունդների հետ։ Երբեմն նա գնում էր ուխտատեղիները, բարձրանում էր Այնալ-Զեյնալի գագաթը, գնում էր Լալա գյուղը՝ բանջարեղեն ուտելու կամ որևէ թաղի թեյարաններում լսում էր դարվիշների նկարագրությունները։ Ոչ մի գիշեր ժամանակին տուն չէր գալ, միշտ անորոշ ժամին մտնում էր անկողին քնելու և հաճախ առավոտ արշալույսին աներևութանում էր։

Տան ծախսը շատ չափավոր կերպով էր կատարում։ Երբեմն Ւմամ-Ղուլին աղքատ քույրերին օգնության էր հասնում, նրանց համար հագուստի կտոր, կոշիկ էր գնում, նրանց երեխաներին նույնպես հագցնում էր։ Երբեք մորը չէր վշտացրել, բայց և ոչ մի օր կարգին հետը նստել, խոսել, խորհրդակցել չէր. հին ընկերներից խույս էր տալիս, ծածկվում էր։

Մորը և հարազատներին տանջում էր այն միտքը, թե Իմամ-Ղուլին ու՞ր էր առանձնանում երկար ժամեր, նույնիսկ գիշերներն էլ աներևութանում էր։ Դարձյալ մայրը գտավ որդու հետքը։ Նա մի օր վաղ, արտասուքն աչքերին մոտեցավ ինձ և ասաց

-Իմամ-Ղուլիիս այս գիշեր գնացի և գտա քյուֆթերի մեջ, նուխեցիների աղջկա այրում, որտեղ նրան պառկեցրել ու ամբողջ մարմնին դեղ էր քսում։

Ես մնացի շվարած, այլևս բացատրություն պահանջելս ավելորդ էր։ Պարզ էր, որ Իմամ-Ղուլիի սերը չէր հանգել։ Ո՛չ երեք տարվան բացակայությունը, ո՛չ Քադիջեի ամուսնությունը, ո՛չ թշվառ կնոջ այլանդակությունը, զավակը, ոչինչ և ոչինչ չէին սառեցրել նրա սերը։ Ես զգացի, թե Իմամ-Ղուլին ինչպես էր բոցակալված այդ սուրբ սիրով և ինչպես տանջվում ու տապակվում էր։ Ի՞նչ կարելի էր անել, ինչո՞վ սառեցնել և ուշքի բերել այդ դեռահաս մարդուն, որը անդունդի բերան, ապառաժների ծայրին կանգնած մտածում էր գլորվել ու հավիտյան կորչել։

— Աղա Միրզա,— ասաց դարաքաշ մայրը արտասուքն