Jump to content

Էջ:Collected works of Atrpet.djvu/87

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

աչքերին, — զավակս ձեռքիցս գնում է, դու, միայն դու կարող ես նրան փրկել։ Իմամ֊Ղուլիս բացի քեզնից ոչ ոքի չի լսիլ, քեզնից ջոկ տեր չունի։ Արա ինչ որ հարկավոր է, պառավիս ազատիր այս սոսկալի դժոխքից։

— Ի՞նչ կարող եմ անել, քույր, ես ինչ անեմ, երբ նրա հոգին ու զգացմունքները կապվել են Քադիջեի հետ։

— Նրան դևերն են կապել, նրան կախարդել են, աղա Միրզա, նրան պետք է փրկես։ Ահա քառասուն օր է, թուղթ ու գիր անել տվի, եղնգի, թասի աշել տվի, դերվիշի, քեշիշի մոտ անգամ գնացի, անօգուտ։

— Քույր, նախ քեզ խորհուրդս այս է, որ համբերես։ Ամենևին որդուդ հետ այս մասին չխոսես։ Ոչ ոք չիմանա, որ դու նրան տեսել ես, այրում՝ քյուֆթի մոտ։ Ես կաշխատեմ և հույսս մեծ է, գուցե նրան խելքի բերեմ և ազատեմ։

— Ես քո խոսքից չեմ դուրս գալ, բայց քո էլ օձիքը չեմ բաց թողնիլ: Ահա եկել ու կպել եմ փեշիդ, էլ դու գիտես,– ասաց ու բռնեց աբայիս փեշն ու համբուրեց։ Այն իրիկունը գործս կարգի դնելուց, ընթրելուց հետո կնոջս ասի, թե մզկիթ պիտի երթամ, գուցե ուշ տուն դառնամ, թանալիքն առա, դուրս եկա։ Նախ մոտեցա քենուս դռանը և իմացա, որ Իմամ–Ղուլին տանը չէ։ Ապա կամաց-կամաց ճանապարհ ընկա դեպի Խալաթ-Փուշանի հեղեղատը:

Գիշեր էր։ Լուսնյակը երկնքումը ամբողջապես կանգնած էր։ Աշնան պարզ ու զով գիշեր էր։ Զեփյուռը Սահանդից մեղմ փչում էր, և կյանքը հանգստացած էր ամեն կողմ։ Խիավանից անցնելիս շատ քիչ մարդու պատահեցի։ Միայն ջորեպաններն անվերջ իրենց քարավանի հետ սովորական զանգակների ղողանջյունով առաջ էին գնում։ Կամ գյուղացիները մեկ-մեկ ձիավորված վերադառնում էին մոտակա գյուղերը։ Մի ժամից հետո հասա Քադիջեի այրի մոտ և հանդարտ քայլերով մոտեցա։ Այրը ճանապարհից 8—10 քայլ հեռու էր, բերանն էլ ապառաժի ծերպով պաշտպանված։ Քսան քայլ հեռավոբությամբ նստած չիբուխս լցրի, սկսա ծխել և մտածել, թե ինչ ընթացքով մոտենամ սիրահարներին, որ կարողանամ երկուսին էլ տրամադրել խորհուրդս լսելու և ետ մնալու