Էջ:Collected works of Atrpet.djvu/90

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ձեռք չէին տալիս։ Նա էլ աժան տվեց. այդ բոլորին հինգ ղռան եմ տվել։

— Ես երեք ղռանի էի գրավ դրել, էլի երկու ղռան շահել է։ Միևնույն է, տար, մի ուրիշի կբաշխես, ինձ պետք չէ, հասկանո՞ւմ ես, գիշերս կգան ու կտանեն։

— Լսի՛ր, դու հնազանդի՛ր։ Ես փռել եմ կարպետն ու դոշակը. դու վեր կաց պառկիր, այս դեղով պիտի օծեմ ամբողջ մարմինդ։

— Գնա՛, կյանքդ սիրես, Ղուլի, գնա՛, չեմ ուզում, մեղք ես։ Ես վարակվեցի, նեխվեցի, դու ինչ մեղք ունիս, եկել ինձ կպել ես, ուզում ես դեղ անել, վարակվե՞ս։ Չեմ թողնի. գնա՛, գնա՛, հեռացիր։

— Անկարելի բան է։ Մի ամիս, միայն մի ամիս եթե այս դեղերը շարունակ քսես, դու էլ կառողջանաս՝ Իսկ իմ մասին մի մտածիր։ Ես սափրիչի տղա եմ, քանիլ չգիտեմ։ Բժիշկն ինձ սովորեցրել է ամեն միջոցներ, որ թե՛ քեզ դեղ անեմ և թե՛ չվարակվեմ։ Մի՛ վախենալ, ես չեմ եկել վարակվելու, այլ հասել եմ քեզ փրկելու։

— Մի՛ պնդիլ, Ղուլի,— ասաց Քադիջեն։

— Վե՛ր կաց, եթե խիղճ ունիս, եթե սիրում ես մեր երանելի անցյալն ու բախտավոր գիշերները, ինձ մի տանջիլ։ Վե՛ր կաց, պառկիր։

— Անօգուտ է, հոգիս, վտանգավոր է…

— Դու սխալվում ես,— ասաց Իմամ–Ղուլին, պառկեցրեց ախտաժետին, թևերը ետ դարձուց և դեղի շշի բերանը բացեց ու սկսեց թանձր ասվի կտորներով օծել ու շփել հիվանդի ամբողջ մարմինը։

Միառժամանակ դադարեց խոսակցությունը, միայն լսում էի մանուկի խռկոցի ձայնը և Իմամ֊Ղուլիի ձեռքերի շփոցից երբեմն-երբեմն առաջացած աղմուկը։ Ես այնպես էի նստել, որ ոչ այրից և ոչ էլ ճանապարհից անցնողները կարող էին ինձ տեսնել, այնինչ ես տեսնում էի երկու կողմն էլ ինչ որ կատարվում էր։ Քարավաններն անվերջ անցնում էին. ուղտեր, ջորիներ, ձիեր և էշեր իրենց ջորեպաններով։ Անվերջ աղմկում, խոսում էին, բայց ոչ ոք չէր խանգարում ինչպես ինձ,