Jump to content

Էջ:Collected works of Atrpet.djvu/91

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

նույնպես Իմամ-Ղուլիին, որը քրտնաթոր ճակատով, կիսով չափ կռացած, Քադիջեի անկողնի մոտ չոքած անվերջ դեղերը քսում և շփում էր։

— Բավական է, հոգի՛ս, հերիք է, Ղուլի՛,— մրմնջում էր Քադիջեն։

— Հիմա կպրծնեմ, իսկույն, — արձագանք էր տալիս տնքալով Իմամ-Ղուլին և շարունակում էր գործը։

Այնքան տրորեց ու շփեց ախտաժետին, որ նա թմրեց ու քնեցավ։ Իմամ-Ղուլին նրա վրան ծածկելուց հետո զգուշությամբ երեխային էլ բերեց մոր մոտ, նրա մարմինն էլ օծեց, տրորեց, շփեց առանց քնից սթափեցնելու և մոր կողքին զետեղելուց հետո դուրս եկավ այրից։ Փշրված տախտակի կտորներով փակեց դուռը, մեծ֊մեծ քարերով ամրացուց և կամաց-կամաց իջավ, անցավ դեպի քանքանի բերանը՝ լվացվելու։

Ես զգուշությամբ իջա և գնացի ճանապարհի կողքին գտնըված պարտեզի խրճիթի առաջ նստա։ Շունը սկսեց պարտեզի մեջ ոռնալ ու հաչել։ Ես չիբուխս լցրի ու սկսեցի ծխել առանց ուշք դարձնելու բարձրացած աղմուկին։ Աչքս մթնումը չռած անհամբեր սպասում էի Իմամ-Ղուլիի գալուն։ Մտքումս ծրագրում էի, թե ինչ հառաջաբանով սկսեմ հորդորներս։ Երկրորդ անգամ չիբուխս լցրի և ծխեցի, վերջապես եկավ Իմամ-Ղուլին աբայի թևերը հագած, փեշերը քաշած, հանդարտ ու մեղմ քայլերով։ Երևի քրտնած էր և վախենում էր ցրտահարից։ Ես ոտքի ելա և ուղի ընկա ծխացնելով չիբուխս։ Իմամ–Ղուլին առանց դանդաղելու եկավ հասավ ինձ և սովորական բարև տվեց։ Բարևը որ ընդունեցի, նա ձայնիցս ճանաչեց և ցնցված կանգ առավ ու ասաց.

— Աղա Միրզա՛, դու այս ժամին այստեղ ի՞նչ գործ ունիս։

— Իմամ-Ղուլի,— պատասխանեցի,— դու որտե՞ղ էիր, ինչ գործ ունեիր քյուֆթի մոտ։

Մի րոպե երկուսս էլ կանգ առած իրար նայեցանք։ Իմամ-Ղուլին պաղած մնաց։ Այն պես որ ես պարտավորվեցի նորից կրկնելու․

— Ախար այս ժամին դու տնից ինչի՞ ես բացակայում, օր ես էլ պարտավորված լինեմ քեզ որոնելու։