Jump to content

Էջ:Collected works of Atrpet.djvu/92

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

- Դու իմ ետևիցս եկել, ինձ հետամտե՞լ ես։

- Ո՛չ, դու կեսօրից աներևութացել էիր, իսկ ես ընթրիքից հետո եկա քեզ գտնելու։ Երանի՜ համբերությանդ, բայց անխելք ես, չես մտածում, որ կարող ես դու էլ վարակվել։ Մի՞ թե չգիտես, որ քյուֆթն անբուժելի է։ Ինչի՞ ես կյանքդ զոհում մի մեռածի համար։ Մեռելների համար չեն զոհվում։

- Ի՞նչ անեմ, աղա Միրզա՛, քանի որ սիրտս չի դադարում։ Ամբողջ տասներկու տարի ես ապրել եմ երևակայությամբ թե իրականությամբ Քադիջեի հետ, այժմ այնպիսի մի բաց է մնացել սրտումս, որ ոչնչով չեմ կարողանում լցնել։

- Մեռե՜լ է, մեռելին խո չե՞ս կարող հարություն տալ,- ասացի հուզված։

- Այդ մտքի հետ չեմ կարողանում հաշտվել, թե նա կարող է մեռնել։ Մանավանդ որ դոկտոր Էդքոքը խոստանում է բուժել։

- Զուր բան է, դոքտորը փողիդ հավասին դեղեր է տալիս, քեզ մխիթարում և հուսադրում է, բայց ինքդ էլ համոզված ես, որ անբուժելի է։

- Ո՛չ, Միրզա, արդեն զգալի փոփոխություն եմ նկատում մի շաբաթվան մեջ։ Եթե մի ամիս շարունակեմ, բոլոր վերքերը կծակվեն և կկարողանա հանգիստ ման գալ ու տեսնել։

- Դրանից ի՜նչ օգուտ․ դու Քադիջեի տանջանքն ես երկարում։ Նրա խոցերը կարող ես բուժել, բայց նրա արյունը, ջղերը, մկանները, մինչև իսկ ոսկորները ապականված են։ Նա չի կարող վերածնվել։

- Ես գիտեմ, որ նա այլևս չի կարող ինձ կին դառնալ, բայց նրա շունչը, խոսակցությունը, կենդանությունը մասամբ կծածկեն սրտիս բացը, և ես մխիթարված կլինեմ։

- Բավակա՛ն է, տհաս մտքերդ մի արտահայտիլ գոնե ուրիշին։ Մտածիր, որ մենք կռապաշտ չենք, չենք կարող ալլահի կամքի դեմ կռվել։ Բախտը չէր կամեցել, որ դու Քադիջեի հետ ապրես, ինչպե՞ս կարող ես ճակատագիրդ փոխել։ Նա մեռավ և թաղվեցավ. գերեզմանում երկու տարուց ի վեր թաղված մեռելը նեխված կլինի, նրա ոսկորտիքին ձեռք տալը մեղք է, ոճիր է։