Jump to content

Էջ:Collected works of Atrpet.djvu/95

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

։ Ես տանջվեցի, բավական է, նա ինչի՞ է գլորվում այս ապականության մեջ։ Ամեն միջոցի դիմեցի, որ նրան զզվեցնեմ ու փախցնեմ, ճարս կտրվեց։ Անգամ հետը չեմ խոսում, հարցերին չեմ պատասխանում, հնար չկա, ինձնից չի պոկ գալիս։ Ախար մեղք է, ախար խեղճ է, ջահել է, ինչի՞ իմ օրս ընկնի։ Ինձ այս օրը գցողի հոգին այնպես խոցոտի, ինչպես խոցոտվել է իմ մարմինս վերքերով։

— Ոչ ոքի չի լսում, քո սերը նրա սրտում պատրույգ է դարձել ու կյանքը վառում է. Քադիջե, էլի դու պիտի մի հնարով նրան քեզնից հեռացնես,— ասացի ու հեռացա։

Քադիջեն խռովեց ու հեռացավ իր այրը, վերջնականապես վճռելով չընդունել ոչ Իմամ-Ղուլիին, ոչ էլ էդքոքի դեղերը և մեռնել` Իմամ-Ղուլիին փրկելու համար։

Երբ Քադիջեի համառությունը չկարողացավ կոտրել, երբ զգաց Իմամ-Ղուլին, թե անհնար է այլևս նրա համառությունը կոտրել, նա էլ վճռեց մտքում վերջ տալ իր կյանքին։ Ինչքան խոսեցա, խնդրեցի, հորդորեցի, որ ամուսնացնեմ, հնար չեղավ, Քադիջեից հետո էլ ուրիշ կին չուզեցավ առնել։ Լավ գործեր ցույց տվի, որտեղերից կարող էր օգտվիլ, հանձն չառավ։

— Ես ապրուստ ունիմ,— ասաց մի օր վշտացած,— փողի պետք չունիմ։ Փող վաստակելու ճանապարհն էլ գիտեմ, առաջնորղի կարիք չունիմ։ Ի՞նչ եմ անում գործն ու փողը, երբ հոգիս հիվանդ է, սիրտս դատարկ, աչքերս մթնակալած, գանգումս փոթորիկ։ Ախ, Քերիմ, Քերիմ…

Վերջապես վճռեց Բաքու վերադառնալ։ Բերած երեք հազար թումանից մի հազարը ծախսել էր երեք ամսում։ Քիչ բան թողեց մորը, տունը լցրեց, կով, ոչխար առավ, որ մայրը կթե ու ապրի, ինքը գնաց Բաքու։

Բայց Բաքու չէր կարողացել ապրել, ուղղակի անցել էր Թեհրան։ Այդտեղ հետամտել էր հորեղբորորդուն՝ Քերիմին, որպեսզի սրտի մաղձը, հոգու վիշտը թափի։ Անակնկալ, փողոցում սկսել էր հայհոյել ու նախատել, նրա դիմակը պատռելով, պատանեկությունից մինչև այդ օրը կատարած բոլոր լրբությունները, անառակությունները և գազանությունները