փոփոխություն մը մտած էր։ Միևնույն տանջող մտածումներուն երկար դեգերումն այդ գեղջուկ գանկին տակ ապականած էր հոգին, թեև ան երբեմն ցնորանքի, կատաղության վայրկյաններ կունենար իր նոր ծրագրով զբաղված ատեն։
⁂
Ս․ Հակոբի առտուն էր։ Տարապայման սարսուռ մը մթնոլորտին մեջ կշրջեր։ Նախորդ գիշերն երեք կիներ սառեր էին գետնահարկի մեջ։
Այս աղետը տեր Բարթողը լեցուց ցավագին տպավորությունով։
Ոճիր մը կգործեր իր ժողովրդին հանդեպ՝ զայն այսպես լքելով։ Ի՞նչ, ամենքն անոթի պիտի մնային, ու ինքը բան մը, օգնության բեկոր մը չպիտի՞ կրնար տանիլ անոնց։
Մինչև երեկո քահանան որոճաց, կքեցավ սենյակին անկյունը, աղտոտ վերմակի մը տակ սարսուռուն, ու ժամերով տեր Բարթողի հեգ, դերագրգռված միտքը կարծես տեսնել բռունցքներ կմախքներու՝ իրեն երկարած, կատաղության, հայհուչի աղաղակներ իր անոթի ծուխերուն բերաններեն նետված։ Իրեն երևցավ դրացի հնակարկատ ձեռնատ Հուսեփը, որուն կապուտցած լեզուն երկու կզակներուն մեջեն դուրս կիյնար։ Տեսավ Մարիամը, իր հին սպասուհին, իր խրճիթին անկյունը կռնակի վրա տարածված, կոճղի մը նման անզգա։
Կրոնքի մարդը դժոխքի ժամեր անցուց։ Երբեմն կցատկեր ան կատաղորեն ու շրջելով սենյակին մեջ՝ կգոչեր․
— Վաղն առտու, վաղն առտու, յավրումներս, սպասեցեք քիչ մը ալ, մի աճապարեք․ վաղն ամենուդ ալ պիտի հասնիմ։
Սակայն ծրագրին գործադրության այնքան մոտավորությունը կսոսկացներ կրոնականն, ու կսկսեր ինքն իրեն տեր Բարթող տատամսումով․
— Ե՞ս ալ խիղճ Հիսուսը պիտի մերկացնեմ իր շրջանակեն, իր զարդեն․ վայ ինձի։
Վերջալույսին մոտ կրկին ձյունը կսկսեր, ու ճերմակ վարագույրը կշարժեր հովեն՝ մոտակա երդիկներուն վրա։
Տեր Բարթող կարծես լսել աղեկտուր ձայներ ու երդիկի մը փլուզումը։ Հուսահատ ձայն մը ալ զինքը կկանչեր ընդհատ․
— Տերտեր, տերտեր, հաց, հաց, արևուտ մատաղ, հաց, լմընցանք․․․
Քահանան իջավ բակը ու մեկնիլ կուզեր․ իր այրող երևակայությունը կպոռար՝ ու շատ ուժգին։