Jump to content

Էջ:Collection works of Dikran Chokurian.djvu/122

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Սենյակին բնակչությունը ապուշությունով զիրար նկատեց: Քահանան կքեցավ սնարին մոտիկ, ու վիշտը օրորեց բոլոր դեմքերը:

- Օ՜, ինչպես դաշտերը կանչցեր են, աղբյուրներու ջուրն ինտոր զուլալ է... քիչ մը արագ քալե, այ մարդ... Ո՛չ, ոչ, ձյուն կուգա, մեղմով, Արութս, լեռան ճամբան դաշտին ուղին չէ, ձիուդ սանձը լավ բռնե... Տես, ձորը որքա՜ն խորն է, ճամբուն եզրը, ու ջուրը մեջեն ինչպե՜ս կերթա... Իմ սիրտս ալ խոր է ու արյուն կհոսե, որքան ալ խոր... Կամաց, ձյունը խաբող է... Կամաց, նորեն կամաց, զառիվարը սառեր է... Իջի՛ր, իջի՛ր, ձիեն վար կիյնաս... Ադ քերվանը սխալ ճամփով կերթա... Ու՞ր կիջնաք, այ մարդիկ... ու՞ր կտանիք Արութս... Չէ՛, թող չե՛մ տար, սխալ ճամբե, հա, հերիք չէ այսքան տարի մեռած եմ ապրե՛ր, ու հիմա նորեն խուրսլեթ:

Զարման լռեց, շնչեց խռկալու չափ ուժով: Ղևիկը կհեկեկար ինկած վերմակին վրա: Բոլորն ալ ընկճված, անշարժ կսպասեին, արդյոք խելառա՞ծ էր... Ինչպե՞ս ամուսնին անունը կրնար տալ օտարներուն դիմաց... վա՜հ...

-Օ՛խ, օ՜խ, լավ, տեհ, հիմա աղեկ է... Դեպի Հոս... շվարեր եմ, մեղա, լավ ծածկվե, Արութ. շատեր սառեր փայտ են կտրեր այդ ճամբուն վրա... Տե, քիչ մը արագ... Տեր աստված, ի՜նչ ձի էր, զա՛րկ, զա՛րկ ուժով... Քահանան երկար աղոթքը մը կծամծմեր անլսելի:

Չ՛է, զգույշ, ճանս, հազարին մեջ հատիկ մը... գեշ տեղ է, վատ է, վատ է... չե՞ս տեսներ. շունչ ալ մի առներ... հա՜, հա՜, հա՜... աչքերս քոռանա... Քիչ մը ալ շուտ, կպրծիք հիմա... ի՜նչ է, զանկին ձայները, ձայնի մի հաներ... Այ ձի, մի խրխնջար... Հո՛, Հո՛, Հո՛, Հո՛... Վայ, Արութ,վազցու՛ր հայվանը:

Հեծկլտուքներ կարթննային կուրծքերու մեջ՝ պահված ցավերու բոլոր ուժովը սեղմված ու տերտով լեցուն:

- Մեղա, ամենասուրբ Երրորդություն, մեղա, - հծծեց քահանան: Հովը փուխերիկին մեջ կքրքջար:

-Ի՜նչ ճամբա, ի՜նչ սար... ի՜նչ դաշտեր... Ձյուն է եկեր-պատեր, սիրեկանիս պեխեն սառցի լուլա է կախեր. Մի՛ մոլորիր, ձին գիտե տան ճամբան, հա օրվան մը տեղ, լավ հանգիստ ըրե գիշերը խանին մեջ, լավ հսկե մալերուդ, լավ պահե, դրամդ ծոցդ պառկե... Այստեղի հրեշտակներըն ալ գող են, գո՜ղ... ավազա՜կ...

Ծերուկը ծունկերը կծեծեր՝ կքած դեպի առաջ, կեսուրը կմնար շվարած, հեծկլտուքներն ավելի երկար կըլլային ու ճշմարիտ լացի կփոխվեին: