Jump to content

Էջ:Collection works of Dikran Chokurian.djvu/135

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

վերը սեղմված լուրթ օդին մեջ ծածանող ցուրտեն ցնցված՝ կմոտենային ժայռերուն, կխածնեին անոնց կատարները ու կանորոշեին զանոնք:

Խթումի այդ իրիկունով հազիվ քանի մը փուխերիկներ վարանոտ ծուխ մը կցրվեին. առանց ատոնց քաղաքիկը գերեզման մը պիտի թվվեր:

Մելիքենց Օհանջանը ուշ էր մնացած, թափ տվավ իր քայլերուն ձյունի խորունկ խավերուն մեջեն, շփեց ուժով մը ձեռքերը, փչեց անոնց մեջ, հրեց ուժգին դուռը, որ ճռընչելով ընկրկեցավ: Զարկավ ոտքերը քանի մը անգամ գետին, հազիվ լսելի ձայնով մռմռաց.

— Բարի իրիկո՛ւն:

Գոցեց դուռը բիրտ հարվածով մը, որուն վրայի ձյուները թափվեցան, ուղղվեցան բակի անկյունը, փուռին մոտ, անոր երկաթե ծածկոցը գետին նետեց:

Կատար, Օհանջանի մայրը, անկյունի բազմոցին վրա ծալլապատիկ, իր սամույրին մեջ փաթթված, կհորանջեր շարունակ՝ համրիչը հանդարտորեն շարժելով: Փոքրիկ մը անոր շալակին հետ կխաղար:

— Օ՜հ, ուշ մնացինք, աճապարե՛, կին, Հեղնա, բեր մարխը, քանի մը լուցկի, մթնեց, վառե լամբարը,— գոչեց Օհանջան:

Հեղնա, Մելիքենց Օհանջանի կինը, շարժեցավ, վառեց փոքրիկ ճրագը, բերավ մարխերը փուռին մոտ: Նայեցավ խմորին, տաշտին ծածկոցները վեր առնելով՝ հոտվտաց թթվաշ խմորը ու ձայնեց ցած.

— Օհանջան, խմորը հասնելու մոտ է:

— Լա՜վ,— մտախոհ ըսավ Օհանջան:

Կոճղերը արդեն տեղավորված էր փուռին մեջ, ցախերը անոնց ստորոտները շարեց, բացատներուն մեջ դրավ մարխի կտորները, վառեց զանոնք:

Փուռին մեջ փայտերը կսկսեին ճարճատիլ, բոցեր թանձր ծուխերու մեջեն կփայլեին, լույսը կիյնար բակին մեջ, պառավին դեմքը կողողեր ու՝ փոքրիկին շեկ մազերը: Ծերունին տխուր կերևեր, հոգերով պաշարված:

Երիտասարդը անժպիտ էր ամիսներե ի վեր: Ան իր տոհմը անպատված կզգար: Դրացի Սեթենք մերժած էին իր եղբոր տալը իրենց աղջիկը: Ատանկ մերժումի մը չէր կրնար սպասել ինք, որ հարուստ էր: Եղբայրը սիրած էր աղջիկը, Ճանհիլը, ու մերժումեն վերջ գլուխն առած, հեռացած տունեն: Կարելի՞ էր ասոնք մոռնալ ու սկսիլ հարաբերությունները Սեթենց հետ:

Մելիքենց այնքան զվարթ տան վրա տեսակ մը սուգ տարածված էր:

Օհանջան անհամբույր, կարծր ու մռայլ դարձեր էր:

Հիմա, խթումի իրիկունով, բարի ծերուկ կինը կխորհեր իր զավակներուն վրա: Ի՞նչ պիտի ըլլար այդ գժտության վերջը, մին հեռացեր էր,