Էջ:Collection works of Dikran Chokurian.djvu/152

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Ահա սեռենադա մը ջրանցքներուն մեջ, հեթանոսական ջահագնացության մը չափ հանդիսավոր, դանդաղ կհառաջանա բազմեբանգ լապտերներով կոնտոլներու շարքի մը վրա: Կնվագեն ու կերգեն բազմաձայն, իբրև թե բոլոր արվեստագետներու հոգին խտացված ըլլար երգողներուն մեջ:

Ու երբ կդադրին նվագները, երգերը, երբ կմարին լույսերը, երբ ջրանցքները, ծովը կայքերը, համրուն քաղաքը կկծկվին մութին տակ, երբ կդադրին վերջին վանկերը տևող երգերու հեռավոր քանալեթթոներուն մեջ, ալյակներուն թեթև համբույրը միայն կչափե կողերը կոնտոլներուն ու կամ անոնց իրար բախումին հունչը տարտամորեն կվերանա գաղջ այերին մեջ աստղալի... Հանկարծ դանդաղ, բզզական, հանդիսավոր, ահալի խղճի աղաղակի մը պես կթավերգե խոշոր զանգը Սան Մառքոյի դարավոր ժամացույցին, իբր թե ազդարարեր գիշերային խորին խաղաղության մեջ հին օրերու ոճիր մը Բոնթե տեի Սոսբիռիի մեջ:

Հոլանտական դաշտանկարը

Հոլանտան չունի Զվիցերիայի վեհավարտ բարձունքները ձյունասպիտակ, խորասույզ հովիտներն անոր, կաթնափրփուր սահանքներով, հովանուտ դարավանդները Պավիերական բարձունքներուն, չունի գինեվետ Ռայնի ճարտարական ափերուն տեսիլը փարթամ, Բրովանսի դաշտերուն զմրութը ժմտալի, ու բիլ եթերն իտալյան հարավի ոլորտներուն հոնիական հոգնադարյան ծովերուն ընդերքը կապտավուն: Հոլանտա դաշտանկար մը ունի միայն, աննմանորեն ինքատիպ դաշտանկար մը:

Ներդաշնակություն մը կա անոր մեջ, խոնավության դաշնությունն է այն մշուշին բյուրածալ, որ հավետ թոնընկեց ամպերու կուտակումներեն կթորի վար, միշտ վար, կծավալի իր պաղ մասնիկներու տիեզերքով, կընդգրկե այս անծայրածիր դաշտերու կանաչը, որուն հետ մտերմորեն կզուգվի գերազանց ընդելուզված եղբայրությամբը գորշին ու կանաչին: Արևը քիչ կխնդա այստեղ և հազիվ կրնա խարտիշագեղել իր փղոսկրի ատամներով հասկերն ամարայնի անդերուն: Արևը ամպերուն պատըռվածքներեն իյնող լուսացնցուղ շողերով կժպտի շատ հեզ, մենատեսիլ ու թերևս անժպիտ, բայց մաքուր ու դյուցազնական այս բոլտներու այտերուն թավշապատ, ուր կարծաթե ցանցը լայնիրան կամ նրբերակ բյուրավոր ջրանցքներուն: Ասոնք մահն ու կյանքն են Հոլանտային և գալարապտույտ կոլորին դաշտերուն մամռոտ կողերը, կլիզեն, կմտնեն քաղաքներու մեջ, անոնց լայնաշունչ և դղրդալի փողոցներուն զուգահեռ կխուսին ու հորիզոնե հորիզոն լուսեղեն գիծերով կցրվին, կերթան ծովերու մրմունջին և կանչին ընդդեմ՝ խառնելով անոնց իրենց ջուրը շարավալից: