Էջ:Collection works of Dikran Chokurian.djvu/17

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը հաստատված է


թյուներն ու անոնց արվեստը: Ան կշոյեր բոլոր արտակարգ, միամիտ կամ չարաճճի դեմքով Հիսուսներու, ս. Կույսերու, սրբոց պատկերները, կհամբուրեր երկյուղած ուրախությամբ անոնցմե մեկ քանին, հետո կուտար անուններ, որոնք հեղինակներունը պիտի ըլլային անշուշտ, արվեստին դատումը կըներ՝ գնահատելով գույներուն փայլը, տոկունությունն ու բաղադրությունը:

Ցույց տվավ շատ փոքր, կրծված, քայքայված ձեռագիր մը, որուն վերջին էջին վրա գույների բաղադրությանն ու խառնուրդին մասին ծանոթություններ կային, ու մենք ապշահար սա անծանոթ նորահնչյուն անունները կլսեինք, զառիկ, դեղնախունկ, կռեզ, զաֆրան, որդան...

— Մեր նախնիք տասներորդ դարեն առաջ սովորություն չունեին ոսկեջուր գործածելու, Բյուզանդիոնեն առնված է անոր գործածությունը, Կիլիկյան շրջանին. ես ունիմ հազվագյուտ զարդագիր մը, որուն մեջ Հիսուսի լուսեղեն պսակը բնական դեղինով մը հորինված է, բայց անանկ դեղինով մը, որ ոսկեփոշիի պատրանքը կուտա, հոտ էր մեր նախնյաց ճարտարությունը՝ գույներով մետաղին փայլը կեղծել:

Պահ մը լռել է և մեզ դիտել է հետո ավելցուց.

—Ես ալ առաջին օրերուն բան մը չէի հասկնար ասոնցմե, որովհետև տգետ էի, տգետ մը, որ խորունկ սեր ունեցած է գծված ամեն բանի ու ներկի ճարտարության: Հետզհետե մտերմանալով անոնց, սկսա համր լեզվի մը հմտանալ, որովհետև սիրելու համար հասկնալ, բացատրել պետք է, անանկ չէ՞, վարդապետ: Տեսեք սա կարմիրն ու կանաչը. ինչպե՛ս դաշնավորեր է զանոնք Պիծակի ձեռքը. հապա սա արագի՞լը, որ կկտցահարե գալարված օձ մը, ավելի բնական կրնա՞ գծվիլ օձին շարժումն ու հուզումը:

Մեր նախնիք գիտուններ, հանճարեղ արվեստագետներ, սուրբեր էին:

Իրենց գործերը հաճախ այնքան իրական ու կենդանի են, որ ուրախութենես կսկսիմ պարել: Ծերունի հիմարի մը քմահաճույքը համարեք թերևս գովեստներս ու գնահատումս. այդպես չէ, մենք փառավոր անցյալ մը ունեցած ենք, վկա մեր տաճարներն ու անոնց մեջ նիրհող արվեստը:

Մենք չենք ճանչնար պիտանին, կենսականը, մեծը՝ Հայ Արեվեստը, և զայն խավարին մեջ թաղված ենք, բորբոսող մութին մեջ լույսի գանձեր ունինք. ո՞վ պիտի հաներ զանոնք մեջտեղ, կղերականությու՞նը, որ պաշտոնի, հացի, դիրքի, անբարոյականության անելին մեջ զիրար կբզկտե