Տգեղ է Դիմաքսյան, տգեղ բառին իրական, խոր, անվիճելի իմաստով, ծաղրվելու վախը կիշխե իր մեջ, ֆիզիկական ճղճիմության գաղափարը նախանձոտ կընե զինք: Կսիրե ու չի կրնար սիրվիլ: Կսիրե Գայանեն, ու Բարաթյանն է հաղթանակողը: Կրկին պայքար, մին ճշմարտության համար մղված ու մյուսը՝ սիրվելու անկարելիության դեմ, որ իր տգեղությանն է արդյունք: Ո՞րը պիտի հաղթանակե: Ժամանակը, որ կծածկե սիրո վերքը: Դիմաքսյան կըսե երբեմն, երբ իր մեջ բանականությունն է, որ կհաղթանակե զգայնության. «Սիրել մեկին ինչո՞ւ, քանի որ կարելի է սիրել ամբողջ մարդկությունը: Սիրե՞լ արդյոք, ո՛չ, ատել և ատելով հանդերձ գործել ամենքի համար»: Բայց նորեն կհառաչե խեղճ հոգին. «Ա՜հ, որքան տխուր է առանց սիրո ապրելը»: Դիմաքսյանը, հերոս մը ըլլալով հանդերձ, մարդ մըն է: Ան իտելիստ մըն է, սերունդեն այն ռուսական կամ գերմանական գործիչներուն, որոնք 1870 թվականի միջոցներուն, խանդավառված էին դեպի ժողովուրդը երթալու գաղափարով: Բայց Դիմաքսյանը մարմին մը ունի, ու այդ մարմինը՝ իր պետքերը: Ան ամենաբուռն նախանձի նոպաներ կանցնե ու սեր կերազե, կնոջ մը կուրծքը՝ հանգչեցնելու համար իր փոքրիկ գլուխը անոր վրա: Հեգ մարդկային էակ:
Չեմ գիտեր, ինչո՞ւ այս Արսեն Դիմաքսյանը Գրիգոր Արծրունիին տեսքով կերևակայեմ համառորեն:
Իրմե վերջ կարևոր տիպարը Բարաթյանն է: Բարաթյան հորը հատկությանց ճշմարիտ ժառանգորդն է:Հայրը մեռցուցած է լռակյաց, վախկոտ ու տառապած կինը իր անհավատարմություններով: Որդին նույնը պիտի ընե, բայց անոր կինը փոխանակ վիշտեն մահանալու լուռ տանջանքով, խելքը կունենա ամուսնաթողության: Բարաթյանը գեղեցիկ է, վայելուչ, համակրելի, սրամիտ ալ է: Կիներուն, որոնք երևույթը փնտրիլ վարժված են մարդոցն վրա, հաճելի է: Բարաթյան վայելք կփնտրե ու կգտնե: Կխաբե, կստե, հոգ չէ թե քանի մը ընտանիքի քայքայման պատճառ կդառնա: Պյոտր Սոլոմոնիչ Բախտամյանեն կանգոսնվի, ու իվերջո նույնիսկ իր տարփուհիեն, տիկին Բախտամյանեն կապտակվի, հոգ չէ, հերիք է, որ մարդ չի տեսներ: Բարաթյան կգործե իր կեխեքումները խղճամիտ ու անհոգ կերպով, իբրև բարերարություններ: Սիրո դավաճանելե շատ առաջ՝ Բարաթյան դավաճանած է գաղափարին: Ան գործ դրեր է բոլոր երևակայելի ստորնությունները վարկաբեկելու համար Դիմաքսյանը, նույնիսկ իբր խելացնոր ամբաստանած է զայն, դավեր սարքած անոր դեմ: Գաղափարի այդ դավաճանությունը Բարաթյան ըրած չէր կրնար ըլլալ Դիմաքսյանին Գայանեի հանդեպ ունեցած սիրո զգացումին համար: Գեղանի Բարաթյանը տգեղ ու անձև Դիմաքս