Jump to content

Էջ:Collection works of Dikran Chokurian.djvu/40

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

—Ամենեն սիրական զբաղումնին,— հարեց պ. Ալեքսանդրը, — հայրենիքի վրա խոսիլն է: Պարապուրդի ատեն, գիշերները քնանալե առաջ. անպատճառ հայրենի հիշատակ մը կքրքրեն:

Այն ատեն է, որ կհանգչին, քաղցր ու մարդկային կըլլան. գուրգուրալի բառերով կորակեն զիրար:

—Չէ՞, աղբարիկ. խաղողը հավանք եղած քուրսուին վրա կկախեին բերնիս ջուրերը կվազեր…

—Մեր պարտե՞զը, Երվանդս, թութի ծառե՜րը հապա. վարեն գետին ձայնը կուգար…

—Մեր տան ճամփուն վրա փշատները գարնան անուշ կհոտեին, ճերմակ ուլ մը ունեինք, կհիշե՞ս … — կավելցնե ուրիշը:

—Ծնուդի գիշերվան պտույտնի՞ս, թաղե թաղ…

—Խենթ Ակո՞բը, տղա՛ք:

—Ինչպե՜ս ետևնուս քար կհասցներ, խոսք չէ…

—Քյուրդերը լեռան ճամփով եկան…

—Եկեղեցին այրեցին… հայրս ան ատեն ձեռքը ծունկներուն զարկավ…

Բոլոր անշունչ իրերուն վրա կխոսեին, բայց չեն խոսիր մոր, քրոջ, եղբայրներու վրա՝ զանոնք երազելով կգոհանան:

Վանքի մը առանձնության մեջ ամոթալի պիտի ըլլար անոնց անունը տալ:

Այսպես ժամերով անկողինե անկողին կձգվի հուշերի տրտում հյուսքը, մինչև որ հուզվին ու քնանան: Առտուն երազնին կպատմեն, տան կապված երազներ ընդանրապես:

Ասոնք աղեկ նշաններ չէին. մեկնեցա հուսաբեկ տրամադրութենե մը տարված. այս կյանքը հոռետես ու վայրի կընե հոգին, ես ալ թերևս քիչ ատենեն պիտի զգամ իր ծածուկ ավերները իմ վրաս...

Վեհարան տանող սանդուղին վրա գտա վանահայրը, որ ծառային հետ կատակելով կխնդար, երանելի՛ ապուշ: Միասին սենյակ մտանք. գաղջ մթնոլորտը մեղմեց սարսուռս, տալով գոհունականությունը մարդու մը, որ ծանր տաղտուկներե կազատի:

Վանահայրը, զբաղելով զույգ տատրակներուն հետ, զվարճալի խոսակցության մը ձեռնարկեց: Խորունկ մը կշնչեր, կֆշշար, կհազար փոխնիփոխ ու կթքներ մեծածավալ թաշկինակին մեջ:

Մինչ ան կխոսեր, նյութն անգամ չեմ հիշեր, այնքան չէի զբաղեր իր խոսքերով, ես կդիտեի հրաշալի անասնիկները. անոնց մութ կարմիր թավշյա աղվափետուրներեն հարատև ծփանք մը կանցներ, և խոր, այլ