Jump to content

Էջ:Collection works of Dikran Chokurian.djvu/42

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

չէ՞ր փորձեր հայերու հոգին: Բայց բռնությունը գիտակից մարդուն մեջ ըմբոստություն միայն կրնա հանել: Հետո ակնարկություն ըրավ պ. Ալեքսանդրի մասին ալ, կերևա անոր դասախոսությունները կլրտեսե. զգացնեմ իրեն որ խոհեմ ըլլա: Պոլիսեն լավ լուրեր չեն գար. նամակե մը կիմանամ, թե լրտեսությունը, հետապնդումները, կապանքն ու գաղտնի մահացումները չափ չունին: Ա՜հ, դժոխային երկիր, ուր սիրտը երբեք պիտի չտեսնե արդար զգացումներու ծիլն ու միտքը՝ ինք իր մեջ անգամ, ազնիվ ու ազատ բաներու հակելու երկյուղը պիտի ունենա:

Ես կսոսկամ տաճիկեն ու մանավանդ իր արդարութենեն…

Վանքի գիշերներու դագաղին մեջ, ուր մենությունն ու լռությունը դիակի մը նման կիշխեն, ցուրտին հետ ես կդողամ այս մտածումներով: Երբեք քաջ չեմ եղած արդեն:

Լքելով այս վրդովիչ գաղափարները, գոցեցի լայն բացած աչքերս և ընդհուպ կարմրագույն տատրակները տեսա. հետո կամուրջեն թրքուհիներ կանցնեին. խորհեցա Շուշանին վրա… ջերմություն մը ազդրերուս երկայնքին խաղաց, ու հեշտության բուռն զգայությունովը ցնցվեցա:

Միշտ ավելի և ավելի մինակ կզգամ ինքզինքս…

ԺԳ

Մարտ…

Հազիվ չորս օրե ի վեր ելած եմ անկողինես, ուր կողապատը զգետնած էր զիս ամիսե մը ի վեր: Բարեբախտաբար կարելի եղավ բժիշկը կանչել քաղաքեն: Իր հայտարարությանը համեմատ հիվանդությունը թեթև էր. բայց ճղճիմ կազմվածքս ուժգնորեն ցնցվեցավ անկե: Հիմա պետք է զգուշանամ ցուրտեն, խոնավութենե և հուզումներե: Ի՞նչպես պիտի կրնամ...

Հանգիստը անհրաժեշտ է ինձ, ապա թե ոչ կրնան տակավին անանկ հետևություններ գալ, որոնց վրա խորհելու իսկ կվախնամ: Հիվանդի մը համար հոռետեսությունը լավ չէ. արդեն ստույգ մահե մը պրծիլս, համեմատական առողջությունս կերջանկացնեն զիս. հոգնած եմ, ճիգի ու մեծ շարժումներու անկարող, բայց երանական, ազնիվ անդորրության մը մեջ կապրիմ:

Հիվանդությանս սկզբի օրերուն հուզումը, տենդն ու զառանցանքը իր սաստիկ շրջանին, դեղերու դառն համը, հոտը գարշելի, մոտս շարժող դեմքերն ու խուցիս անսովոր երևույթը հիշելե ավելի կերևակայեմ. աննյութ, աղոտ կերևան իբր երկար երազի մը շփոթ հանգրվանները: