Jump to content

Էջ:Collection works of Sibil.djvu/255

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

— Հիմա՛, էֆենդին, ըսավ, և այս անգամ սիկառեթը մարելով՝ վերստին Գառնիկին քով գնաց, պայուսակը՝ զոր հևտը բերած էր, բացավ, թիթեղե փոքրիկ տուփ մը հանեց, և անոր մեջ գտնված յուղով սկսավ շփել ու շփել վիրավոր թևը։

Այս գործողության միջոցին մերթ ընդ մերթ ճիչեր կ՚արձակեր երիտասարդը, և երկու աղջիկները՝ որ իրարու քով կեցած էին, կը սարսռային իրարու նայելով։ Հետո, լաթով մը փաթթեց, կապեց, ու ինք իր ըսածին վրա վստահ մարդու մը շեշտովը հարեց․

— Թեդ մի՛ խաղցներ հա՛, հասկացա՞ր մի, էֆենդի՛մ, ես վաղը նորեն կուգամ։ Աստծու կամքովը, մեկ երկու օրեն բան չի մնար։

Եվ պայուսակը առնելով, ընդհանուր բարև մը տվավ ու դուրս ելավ։ Գառնիկ անոր ետևեն գնաց այցելագինը վճարելու համար, բայց Մանուկ աղան մերժեց վեհանձնարար․ «Չէ՛, չեմ ընդունիր, էֆենդիմ, Աստծո կամքովը վաղը մեկալ օր աղեկնաս նե այն ատեն դուք ձեզի վայլածը կուտաք»։

— Ա՛հ, վերացական գլուխնե՛ր, տեսա՞ք գործի մարդը, կը կրկներ Տիգրան սքանչացած։

— Շատ ցավ զգացի՞ր, կը հարցներ ծերունին գորովանքով։

— Հիմա ինչպե՞ս կ՚զգաս ինքզինքդ, կ՚ըսեր Սոֆի կասկածոտ նայվածքով մը։

— Պիտի թողո՞ւք որ այս խեղճ մարդը ուզածը ընե ձեզի, կը հարեր Բուբուլ անձկությամբ։

— Հանգիստ եղեք, սա պահուս շատ աղեկ եմ․ կը պատասխաներ ան զվարթ ժպիտով մը․ հետո խիստ կամաց ձայնով մը Բուբուլին դառնալով․ անբացատրելի հաճույք կը պատճառե ինծի թևիս ցավը, և այնքան կը սիրեմ զայն, որ չեմ ուզեր բոլորովին զրկվիլ անկե։ Մեծ օրվան մը, կյանքիս ամենեն երջանիկ թվականին հիշատակն է աս ինծի համար։