Jump to content

Էջ:Collection works of Sibil.djvu/300

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

խելքին եկավ. անկողնին վարագույրները, մազերը կը բզքտե, ամեն բան տակնուվրա կ'ընե կոր:

Եվ մարած, խեղդուկ, աղեկտուր վայուն մը կը լսվեր հեռուեն բոլոր տանը մեջ արձագանգվելով:

Բոլոր բազմությունը սրահեն դուրս խուժեց դեպի այդ ձայնին կողմը դիմելով ահաբեկ:

ԻԷ

Լույսը տակավ կը ճեղքվեր, և անձուկ պատուհաններուն ճերմակ կտավե վարագույրներուն ետևեն դեռ հազիվ կը ցոլար տկար նշույլ մը փոքրիկ ցած սենյակին մեջ, որուն պատերը ժամանակավ ծուխեն դեղնած` հետո խոնավութենեն բորբոսած` տգեղության անճշդելի գույն մը առած էին: Փայտե նգուրին վրա խառնիխուռն կը կենային զանազան մեծությամբ սրվակներ, դեղատուփեր, գավաթներ, թասեր, գդալներ և ճրագ մը, որուն ծայրը կը փայլեր բոցը ճիշդ արցունքի մը նման տժգույն ու տխուր: Անոր քով գետինը ձգված անկողնին վերմակներուն ներքև պառկած էր հիվանդը երեսը պատին դարձուցած, և բարձին վրա կը տարածվեին անոր առատ մազերուն հյուսկեները ծփալից:

Անքուն գիշերե մը ետքը, թիկնաթոռի մը մեջ կծկտած կը մրափեր Գառնիկ սենյակին մեկ անյունը, և պատուհանին առջև աթոռակի մը վրա նստած էր Սոֆի, ծնոտը ափին մեջ` դիտելով դուրսը նորածագ այգուն սառ շառավիղները, որոնք կուգային ծավալիլ հետզհետե դիմացի սև, հսկա շենքերուն ձյունապատ կատարներուն վրա:

Ձյունը դադրած էր սակայն և բյուրեղի նման սրածայր խոշոր պրիսմակներ կը կախվեին պատուհաններուն ճակատներեն վար ցրտասարսուռ օդին մեջ: Հեռվեն հեռու կ'երևար պահականոցի մը դողդոջուն լապտերը իր կարմիր ցոլքը ցույց տալով իբրև արյունային աստղ մը սպիտակ շիրիմներու մեջտեղը: Իրոք, ձյունասպիտակ այդ հարթ տանիքները իրենց զուգահեռական գիծերովը, ահագին ճերմակ