Ծունգի գալով աղաչեմ քեզ որ պարզես
Խորհուրդներուդ անհաս, անբավ ասպարեզ:
Եթե ժըպիրհ զիս համարիս սակայն միշտ,
Բաղձանքս եթե քեզ երևա ամբարիշտ.
Հիշե՛ թե դուն մայր եղար ինձ, և թե դուն
Ըստեղծեցիր այս գըձուձ կավն եռանդուն:
Ի՜նչ մեծ իղձեր տըվիր նյութին այս չընչին
Որ անոնցմով եղավ էակն առաջին.
Դուն ես որ միտքս անդադար քեզ կը ձըգես,
Մարդն անդունդին հըրայրք չուներ առանց քեզ:
Ծովուն ալքը, ծըմակին մեջ, վիհին խոր
Ժայռին ծայրն իսկ կը հետևիս դուն անոր:
Անպարագիր տեսարանեդ ազդըված,
Ան ալ կ՚ըղձա անհուն ըլլալ, ո՜վ Աստված,
Եվ հանցա՞նք է միթե սուրալ ամպին հետ,
Թըռչիլ մինչև արևներուն արահետ,
Խընդրելու թև հրեշտակներեն, այգին հուր,
Ոգրներեն գոնե բառ մը հեշտալուր,
Որուն ճաշակն երազներու մեջ անցավ՝
Իրեն ոսկի բաժակներով տրվեցավ:
Սակայն, եթե մեր աշխարհին չես դուն տեր
Ու շանթարձակ ամպերեդ վար չես իջներ,
Թե չես տեսներ մեր կիրքերուն խոլ ալիք,
Թե մեր տենչեր քեզ կ՚երևան խաղալիք.
Փըշրե՛, ապա, մեր ըղձանքին խոլ թևեր,
Դեմքիդ վըրա ձըգե քողեր ու ըստվեր,
Եվ աշխարհի ցած իրարուն մեջ ևեթ
Թող ցընորքներս, տենչ ու հոգիս թաղվին գեթ,
Իսկ դուն, երկի՛նք, տարրերու մեջ անըզգա,
Իշխե՛ հավետ, ուր ո՛չ քրնար, ո՛չ սիրտ կա:
1885
Էջ:Collection works of Sibil.djvu/4
Արտաքին տեսք
Այս էջը հաստատված է