Էջ:Collection works of Sibil.djvu/45

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը հաստատված է


Բազմոցին վըրա կ՚երազեր արթուն,
Հիր անուրջներու օծումով դեռ թաց:

Շունչի, համբույրի շրշյունով վարդեր,
Ցընորքը ծաղկի, ձյունի և հուրի
Լուռ կը սավառներ ու կը հևար դեռ
Աչքերուն առջև աղջըկան հուրի:

Եվ կը մըտածեր. միտքն իբրև ժիպակ
Կ՚ոստոստեր. նըման ջուրի կը հոսեր,
Մավիճեն փետուր, փետուրեն դիպակ,
Մինչև հըմայքը կյանքին, սեր, միշտ սե՜ր...

Եվ իր նըվերին խանդով կ՚սպասեր.
Լուսնի նըշույլներ, ուրուներ բալի,
Թովքը իրիկվան, ծաղկածին հույսեր
Կ՚անցնին առջևեն զերթ հույլ հոբալի:

Բայց... տեսիլք մը նոր աչքը կը կարթե.
Դուռ մը բացված է, քողերով ճերմակ
Կայթ մը կը բերեն հյուսված մարգարտե,
Հարսի պես շըքված բեհեզով համակ:

Ճերմակ հասմիկներ, շուշան, նունուֆար
Վարդերու վըրա ընկեր են ծոպ-ծոպ.
Լելակներու քով կամելյակներ վառ
Ձյունոտ լանջքերնին կը ցուցադրեն ցոփ:

Եվ ծոցն այդ ծաղկոտ բույրե տարփանքին`
Գոհարատուփ մը լայն սուտակներով:
Գաղտնքին հանդեպ կը դողա հոգին,
Եվ կը վարանի տարտամ ու խըռով:

Հետո, կը բանա. թավիշին վըրա...
Խորունկ բիբերը, ո՜հ, կը մըթագնին...
Զույգ մը աչք կա հոն... ու կը սարսըռա...
Աղվոր աչքերն են իր սիրականին:

1903