Արցունքներ կան շիթ-շիթ տըրտում, մելամաղձոտ,
Որոնք կուլան կաթկըթելով այտին վըրա,
Ամեն կաթիլ հեծկըլտանք մը, կոծ մ՚է թախծոտ.
Իր ցողին մեջ տառապանք մը կը թըռթըռա:
Արցունքներ կան պայծառ ու ջինջ և անխըռով,
Որ արևու նըշույլներով կը փողփողեն,
Ծիրանածին անձրևի պես հանդարտ ու զով
Երբ որ տեղան, օդը բույր մը կառնե հողեն:
Լուռ, անշըշուկ, խորհրդավոր արցունքներ կան,
Որ կը բերեն հոգվույս խորեն սիրո կարոտ.
Անոնք ցավեր մեզ կը պատմեն երկայն-երկայն,
Թաղված սերեր, զոր կընքած է սուգին նարոտ:
Արցունքներ կան, որոնք քրքիջ ինձ կը թըվին,
Միշտ գոռացող ամպին նըման փոթորկահույզ,
Որ փայլակներ թոթափելով ծովին, հովին,
Մըշուշի պես կը փարատին կեդրոնախույս:
Արցունք մ'ալ կա, որ միշտ կ՚այրե, բայց չի կաթիր,
Հեղուկ բոց մը, բուռն ըսպառիչ, ահեղ կըրակ,
Ցամքած արցունք, որ չի հատնիր՝ մինչև մոխիր
Կըտրին աչքերն, հոգին դառնա կույտ մ'ավերակ:
Ո՛վ արցունքներ, ամենքիդ ալ ես կը ճանչնամ,
Թեև դըժբախտ իմ օրերուս հուշերն ըլլաք,
Ջերմ հուզմունքով ըզձեզ կօրհնեմ ես հարաժամ,
Ձեզմով կ՚զգամ սըրտիս ապրիլն ես շարունակ: