Էջ:Collection works of Sibil.djvu/56

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է
ՍՐՏԱԲԵԿՈՒՄ

Ո՜հ, սըրտիս մեջ փայլող բոցը կըմարի.
Խոնջ իղձերու տարտամ հույլ մը մեղմաբար
Կ՚անոսրանա, ինչպես խունկը համպարի,
Ու կը ցնդի հեք հույսերուս պես հիմար:
Ու կը ցնդի հեք հույսերուս պես հիմար
Բոցը որմե կյանքիս մեջ լույս կը թորի.
Կը նըվաղին հուր տենչանքներս իմ համառ,
Ինչպես հատնող վանկերն հետին կիթառի:
Ինչպես հատնող վանկերն հետին կիթառի,
Կը քայքայվին հոգվույս երգերն իմ տիպար,
Եվ սըրտիս մեջ սուրբ արյունըս կը սառի
Հալոցեն դուրս նետված զերթ կույտ մը կապար:
Հալոցեն դուրս նետված զերթ կույտ մը կապար
Կամ առաթուր ինչպես բեկոր մը քարի,
Հոգիս՝ սառած, անբույս, անջուր առապար,
Իր շուքեն զատ ոչինչ իրեն կը փարի:
Իր շուքեն զատ ոչինչ իրեն կը փարի,
Զի ավյունը, կյանքիս բոցեղ այդ լամպար,
Մըթնոլորտին ներքը խոնավ փապարի,
Կը շիջանի հեք հույսերուս պես հիմար:
Կը շիջանի հեք հույսերուս պես հիմար,
Կ՚անոսրանա ինչպես խունկը համպարի
Խոնջ իղձերու տարտամ հույլ մը մեղմաբար.
Ո՜հ, սըրտիս մեջ փայլող բոցը կը մարի:

1908