Վեր՝ հավատքեն, սերեն, հույսեն,
Որոնք այնքան միտքս ու հոգիս կը հուզեն, Ըզմայլանքի պահերեն կույս՝
Որոնց պաշտանքն այնքան անուշ է հոգվույս, Վայելք մը կա ինծի համար,
Խոսիլ ազատ մտքիս խոհերն անհամար:
Փույթ չէ ինծի՝ ըլլալ գերի.
Թո՛ղ կյանքն համակ փուշերու մեջ դեգերի, Թևերս ըլլան շղթայակապ,
Ոտքերուս տակ բացվին փոսեր ու վիրապ. Բայց տան ինծի վայելքն անգին
Ազատ թըռիչ տալու սրտիս խոյանքին:
Շըքեղանքի փափա՛ք պատիր,
Ի՜նչ շուտ կ՚անցնին ցանելով ափ մը մոխիր, Փառքի ոսին ուրվակա՛ն,
Քու լուսասփյուռ սադրանքներեդ մոգական Կ՚ընտրեմ որ միշտ զիս զրկես,
Միայն խոսի՜մ ինչ որ բըխի հոգիես:
Փայփայանքի ծաղիկ անո՛ւրջ,
Նվիրվելու և զոհվելու տենչեր լուրջ, Դուք որ այնքան զիս դյութեցիք,
Գուցե օր մը ձեր սերն ըլլա վաղանցիկ: Ինչ որ կյանքին կը կապե զիս,
Ազատ, արձակ խոսելու ուժն է սրտիս: