Իր պաշտելի ավանդությանց, նշխարներուն սուրբ ըսկիհ,
Ո՜վ աննման չքնաղ լեզու, բուրվա՛ռ դեզ:
Ծով ծիածան որ կը գըլես լայն կոհակներդ այգաբեր.
Մերթ գոհարներ ծավալելով, մերթ բեհեզ,
Մերթ սաղմոսներ ծփծփալով, մերթ վեպեր,
Ո՜Վ հայ լեզուս իմ պաշտելի, ողջո՜ւյն քեզ:
Դուն թռթռացիր անտառներու սոսիներուն տակ ըստեպ,
Հայ ուշուղին քնարին պարծանքն եղար վես.
Հիմա կ՚երգես զավակներուդ նժդեհ կյանքը երաշխեպ,
Քերթողներու անմահ բարբառ, բյո՜ւր փառք քեզ:
Օրհնյա՜լ ըլլան մեր հայրերը, որոնք թեև ցիր ու ցան,
Մութ օրերուն՝ մոլորած չոր շյուղին պես.
Մոռցան իրենց տունն ու տեղը, զավակներնին ուրացան,
Իրենց անձն ալ, բայց չը մոռցան երբեք քեզ:
Օրհնյա՜լ ըլլան մեր մայրերը, որենք ըզքեզ սընուցին,
Իրենց շունչովն ու աղոթքով սրտակեզ.
Խարխուլ, փըլած կտուրին տակ, կարոտ պատուռ մը հացին,
Գուրգուրանքով պահպանեցին միշտ ըզքեզ:
Թո՜ղ որ ես ալ, մեր հայրերու հետին զավակը թշվառ,
Սուրբ տաճարիդ ոտքը բերեմ ողջակեզ
Միշտ տառապած, երբեք շիջած սիրտես կայծ մը խամդավառ,
Հոգով պաշտեմ ու քընարովս օրհնեմ քեզ: