Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
ԺԱՄԱՆԱԿԻ՜Ն
Դուն զոր շատեր ուրացան,
Աստվածներու կարգ դասեցին շատերն ալ,
Անջրպետին չորրորդ ծավալն է, ըսին
Մեծ գիտուններ բազմաձայն:
Այլ ո՞վ երբեք չափեց քեզ,
Ո՞վ թափանցեց գաղտնիքներուդ քու ամբավ,
Մշտաթավալ քու սրարշավ կամքիդ վես
Ո՞վ երբեք անցքը տեսավ:
Հսկա ծառեր գոսացան,
Փըշուր փըշուր ինկան խըրոխտ, սեգ սեռներ,
Ահեղ պորմեր ու տաճարներ փոսացան.
Դուն անսասան կ՚ապրիս դեռ:
Անգույն, անծիր ու անձայն,
Ծայրածավալ ունայնություն համագրավ,
Ոչինչ մը չես, էակ մ՚ալ չես, անբաժան
Իսկությո՞ւն մ՚ես դուն, իրա՞վ:
Խոստումներով բոլոր սուտ՝
Տառապողին համար կեցած անխըլիրտ.
Գոհ սիրտերու համար կ՚անցնիս որքա՜ն շուտ,
Անանց հետքեր թողլով բիրտ:
Օրե՞նք մ՚ունիս արդյոք դուն,
Թե օրենքըդ անհեթեթ կամքն է անբավ,
Եվ կ՚անսաստենք երբ խոլ կամքիդ տառերուն,
Մեզ կը պատմես անխափան:
|
|