Էջ:Collection works of Sibil.djvu/86

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է
ՄՈՌՆԱ՜Լ

Եթերային ըսփյուռներեն թևել վեր,
Այցել բոցե արևներուն, ծովերուն.
Շամանդաղին ձայնը լըսել, և հեռուն
Միջոցին մեջ՝ ականջ դընել, երբ հովեր
Կը խոսակցին խանդագին:
Եթե պատրանք են այս տենչերս իմ անգին,
Ո՜հ, կ՚ըղձայի մոռնալ խորհուրդը կյանքին:
Ցավի, սուգի ջընջել սերմերն անհամար,
Տառապողին սրբել շիթերն արցունքին,
Մինչև անոր հորդ աղբյուրները ցամքին.
Թըշվառության դեմ մաքառել քաջաբար
Ծայրատելով իր ծավալ:
Թե այս ուժին ես կարող չեմ տիրանալ,
Մարդոց վիշտերն, ո՜հ, կ՚ըղձայի գեթ մոռնալ:
Եթե բյուրեղ տեսիլքներուս իմ երբեք,
Անկարող եմ պահ մը մարմին տալ, ավա՜ղ,
Եվ անոնց գորշ աճյուններուն տակ նըվաղ
Հոգիս հավետ պիտի մըխա վըշտաբեկ
Զերթ խունկ մ՚աննյութ ու անհալ
Սվաղելով իր խոյանքներն անժուժկալ,
Ո՜հ, երազներս ես կ՚ըղձայի գեթ մոռնալ:

1932