Էջ:Daniel Varoujan, Colleced works, vol. 1 (Դանիել Վարուժան, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/117

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

13. ԹՈՂԵՔ ՄԵԾՆԱՄ


Սիրտս երազի ծովուն մեջ նո՜ր նետեցի.
Զայն մի՜ փըշրեք եզերքին վրա զերդ խեցի՝
       Դեռ ամեն վիհ չըլափած.
Թողեք մեծնամ։ Ի՜նչ կենսավետ է բնությունն,
5 Հոգիս թողեք անոր ծոցին մեջ՝ տրոփուն՝
       Աստուծո հետ դեմ դիմաց։

Ո՞ւր կը քաշեք զիս, ապրուստի՝ պահանջներ,
Ո՜վ սև երամ ագռավներու, որ հրավեր
       Կու տաք կյանքի դեպ կըրկես,
10 Որ ձեր դժոխքի երգերով երգը քնարի
Խեղդել կուզեր։ Հեռու՜, բուեր գիշերի,
       Արշալույսի մեջ եմ ես։

Ո՜րքան մութ է. ո՜հ, կյանքն է այս. խո՜ր անդունդ,
Ուր ամեն շող, գաղափարի ամեն հունտ
       15 Ապառաժի վրա կիյնա,
Մետաղի հնոց, որուն ծուխին մեջ՝ ցիրցան՝
Լոկ արծաթի ձայնով զիրար կը ճանշնան,
       Ծո՜վ՝ դիմող իր ափը, շահ։

Բայց քաշողն ո՞վ է զիս շողեն՝ ալիքին՝
20 Բարձրացումեն՝ ընկլուզումի․ ո՞վ լըռին,
       Քաշված բախտիս մութին մեջ,
Միշտ կը կոփե — նայվածքն հառած նայվածքիս —
Գերեզմանին քարը մատաղ Մուսայիս
       Վըրան գրելով. Քուն անվերջ։