Էջ:Daniel Varoujan, Colleced works, vol. 1 (Դանիել Վարուժան, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/161

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

60 Հոն վարը մեզ կը սպասեն.
Ես կապարճիս մեջ դընելու չըմոռցա
Հրաշեկ շանթերը Արեսի երկընքին.
Հիմա սիրո նայվածքե միսկ ուժեղ եմ,
Եվ անհողդողդ՝ ճակատագրեն ավելի՝
65 Քանի որ կու՜յսն է ընկերս,
Ու սերն հրաթև ռահվիրաս։
Դու, ո՜վ վարդ կույս, հոն լափող բոց պիտ ըլլաս․
Դու, ո՜վ տատրակ, կարշնեղ արծիվ պիտ ըլլաս․
Քանի որ այրն է ընկերդ,
70 Ու գաղափարն ռահվիրադ։
Ես թերևս հոն պիտի մեռնիմ — իցի՜վ թե —
Երկա՜ր ատեն բաղձացի
Արյունն ինձի վերմակ ընել, բարձ ընել
Կողը ձիուս՝ ինկած վերքի խըրխինջով։
75 Մեռցընելե վերջ մեռնիլ
Երկա՜ր ատեն բաղձացի։

Լուսնին վըկա նայվածքին տակ, քանի մ՝հեղ
Լեցընելե վերջ ոսոխին արյունով
Մեծ սաղավարտը Հայկին՝
80 Հոգ չէ թե ա՜յսպես իյնամ.
Երբ օր մ՝հոգիս լայնախոց
Հայրենական հողին մեջե արթընցած
Պիտի տեսնե որբն հագ և հագն՝ ապահով,
Մըշակն անվախ արտին մեջ՝ արտն՝ անավեր,
85 Կյանքը ազատ, ազատությունն՝ հառաջադեմ,
Հոգ չէ թե ա՜յսպես իյնամ.
Գիտեմ որ իմ շիրմիս քով
Պիտի երբեք օձ չըսողա, պիտի միշտ
Կապույտ մընա անմոռուկդ, ո՜վ Հայուհիս,
90 Եվ հաղթական առյուծ մ՝հոն թաթը դըրած
Բորենիի մը կուրծքին
Աստղերն ի վեր, լիաթոք,
Պիտի հավետ մըռընչե՜...