Ու դոփդոփյունը խոլահած մասրերուն
Ժողովուրդին վրա նվագներ թափեցին
Եվ ներդաշնակ կարծես անձրև մանծանոթ, 125
Ու երբ քողն իր վեր նետեց
Եվ ըսպիտակ ալիքներուն մեջ անոր
Ճախրե՜ց, դարձա՜վ, դարձա՜վ, դարձա՜վ հապըշտապ՝
Կարծես թե ան բուստ մըն էր
Ամբոխներուն օվկիանին մեջ հարածուփ 130
Եվ կամ Աստղիկն արբեցած
Տիոնիսյան խորհրրդական տոներուն։
— Կեցցե՜ ըսին այն ժամանակ հոն բազմած
Մարդերն ամեն ցեղերու,
Կեցցե՜ Այրին գեղագանգուր՝ որ ահա 135
Մեկ օրվան մեջ կը ձըգե քողը սուգի
Եվ լաչակն իր մոխրահոտ.
Թող Վոսփորն իր վիհերեն
Ամուսնական բերե մատնի մադամանդ,
Այս իրիկվան մեջ զուգելու համար զայն 140
Մեծ Ազգին հետ օսմանյան։
Կեցցե՜ Մայրն այն սևազգեստ՝
Որ գիշերվան մեջ հերոսներ կը թաղե,
Առավոտուն կըլլա հարս,
Հա՜րս կըլլա, հա՜րսը բոլորիս, հարսն արբշիռ, 145
Որ ծովուն քով և խրախճանքի սեղանին
Վարդ կը նետե ամենուն,
Եվ ավասիկ կհամբուրե
Իր գինիոտ բերանով
Մարդերն ամեն ցեղերու 150
Կեցցե՜, — Ըսին այն ժամանակ, բայց հեռուն
Այս խրախճանքի ժըխորումեն արթընցած
Գայլ Վահաններն, Դավիթ բեկերն ընձառյուծ,
Հերոսներն հին՝ գաղափարին հինօրյա,
Գինովությու՜նը տեսան 155
Օտարներու առջև պարող իրենց մոր.