Էջ:Daniel Varoujan, Colleced works, vol. 1 (Դանիել Վարուժան, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/301

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

18. ՄԱՆՈԻԿԸ

Ա

Ո՞վ պըճնեց զայն այս աստիճան գեղեցիկ՝
Շուշան ճակտով, խոպոպներով գեղաշեն։
Սև-մարգարիտ աչքով, հոնքով կոր-մահիկ
Եվ այտերով վարդ՝ որ եգեմ կը բուրեն․․․

5 Երբ կը ժըպտի ան՝ արշալույսն է բացվող
Գրավիչ գույնով, և թարմությամբ կենսատու․
Եվ կամ զըվարթ կապույտին մեջ լուսնին շող,
Ուր կա հրապույր մը հոգիներ դյութելու։

Երբոր կու լա՝ իր արցունքն է՝ գարանին
10 Առտըվան ցողն՝ որ թուլորեն կը հոսի
Բոց աչքերեն հուրիներու օդային,
Եվ կը փըռվի դալարին վրա մայիսի։

Երբ կը քալե՝ ճառագայթն է՝ որ դողա.
Երբ թոթովե դաշըն՝ մըրմունջն է հովի,
15 Կամ դայլայլող, երկի՜նքն ի վեր, գանարյա.
Երբ կը խոսի ան խորհուրդն է որ կլուծվի։

Երբ կը նընջե, լըռեցե՜ք, ո՜վ մարդիկ, ան
Հրեշտակ մըն է՝ որ կերազե բացօթյա.
Իր խաղաղիկ միջոցին մեջ ձերին ձայնն
20 Ահաբեկող որոտման պե՛ս պիտ՝ ըլլա։