130
Առաջինն այն աղջիկներեն՝ նուրբ լաթով
Մ՛որ բանված է պատվերներով Ղուրանին,
Կը չորցընե Կույսին մարմինն՝ ուսերեն
Մինչև սաթի գարշապարներն, Ու կերգե.
— «Արմենուհի՛, դու շատըրվան մ՝ես մեր մեջ. 135
Եվ շուրջըդ մենք պար առած
Նունուֆարներ դալկահար
Աստղերն ի վեր մըրմընջող,
Արմենուհի՛, դու շատըրվան մ՛ես մեր մեջ»։
Երկրորդ Աղջիկն ոսկի սանտրով կր սանտրե 140
Մազերը թուխ, մազերը ծանր, հեղելով
Քունքերեն վար։ Գըլխուն վըրա կը բանա
Խազը՝ նըման արծաթ վտակի մ ու կերգե.
— «Արմենուհի՛, Ֆիրդուսիի քնարն ես դու.
Երբ հովն իբրև երաժիշտ 145
Կու գա լեռնեն նըվագել
Մազերուդ մեջ բյուրալար,
Արմենուհի՛, Ֆիրդուսիի քնարն ես դու»:
Երրորդ Աղջիկը նուրբ հոնքերն իրարու
Կը միացնե ծարիրներով թըխաթույր. 150
Եվ մըրրելով արտևանները երկար,
Կը հառի պիշ նայվածքին մեջ ու կ՝երգե.
— «Արմենուհի՛, հոնքերդ են նման գաֆ տառին,
Գըծված փետրով ագռավի.
Աչքերդ կաթի մեջ ինկած 155
Մեղուներ են լողացող...
Արմենուհի՛ հոնքերդ են նման գաֆ տառին»։
Չորրորդ Աղջիկը քաղցրաբույր մեռոնով
Կ՝օծե թուշերն և շըրթունքները կակաչ.
Կը զետեղե, այտերուն զույգ խորշին մեջ 160
Զույգ համբույրներ գորովական ու կերգե.