Էջ:Daniel Varoujan, Colleced works, vol. 1 (Դանիել Վարուժան, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/74

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Ո՛հ, ի՜նչ փույթ թե անցան անքուն գիշերներ
Եվ ցորեկներ՝ անդադար.
Ծիծե՜րն ահա, ծիծե՜րն ահա արձանին,
Ա՜յնքան մաքուր կըլորցըված, պաղպաջուն,
85 Որ անշուշտ կաթն անոնց մեջ պետք էր ըլլալ
Կամ լույս՝ սառած, և կամ արծաթ՝ հալըված։
Կողերն ահա, ահեղորեն շընչավոր,
Որոնց ներքև կարծես արյամբ մեծնային
Արդարության, վրեժի սաղմերն երկվորյակ։
90 Շինեց ողն, հո՛ւյր բումբերն, ազդրերը ողորկ․
Շինեց և՛ պորտն՝ որ զանգվածին մեջ հանկարծ
Քաոսեն ծնող աստղի պես
Ճառագայթներ դուրս պոռթկաց։

Օ՛ն, հարվա՜ծ մ՝ալ, հարվա՜ծ
95 Գանկ ջահին մեջ, ձեթն ըսպառիլ ըսկըսավ․
Օ՛ն, հարվա՜ծ մ՝ալ, հարվա՜ծ մ՝ալ...
Եվ քանդակեց, քանդակեց...
<Եվ քանդակեց, քանդակեց.․.>
Կերտեց գուճերն և սրունքներ.
100 Կերտեց ոտքերն՝ որոնց տասնյակ մատերեն
Ժահրով, մեղրով խառնըված
Դըդըչահոս լույսի վտակներ բըխեցան։
Եվ շինեց ան վերջապես
Կնոջ մեջքեն վար ահեղ
105 Սուր մ՝երկսայրի, սուր մ՝անպատյան, սուր մ՝անբիծ,
Եվ Աստուծո պես արդար։
Այն ատեն հոն մարմարիոնին խորշին մեջ
Քընացող օձն արթընցավ
Եվ փաթթելով զինք մեղմորեն այդ զենքին՝
110 Կաթիլ կաթիլ ըսկըսավ թույն մը կաթել։

Օ՞ն, հարվա՜ծ մալ, հարվա՜ծ մալ դեռ, և ահա
Պիտի գործն այդ ավարտի։
Վանդակագործ քերթողն հանկարծ խորշոմեց
Մարգարտապսակ ճակատը ջինջ քըրտինքով․