Էջ:Daniel Varoujan, Colleced works, vol. 3 (Դանիել Վարուժան, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/103

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

շահերը գերադասել այն օրեն կը դադրի իր պաշտոնին օրինավոր գործածումեն ու կը բռնաբարե, թեպետև անուղղակի կերպով, անհատական ազատությունները։ Իհարկե, անհատը պատասխանատու չէ իր տված տուրքին ի վնաս կիրարկման։ Բայց ըմբոստեցուցիչ է տեսնել, որ իր ըրած օժանդակությունը զենք կըլլա նույն իր կարծիքներուն և դավանանքներուն դեմ, կամ կը քաջալերվին այնպիսի վարդապետություններ, որ անհատի քարոզածներուն հակառակ է։ Մեկ խոսքով, տերությունը այս ոճով կուգա բռնաբարիլ անհատական ազատությունը, թեպետև անուղղակի կերպով. վասնզի իր պաշտոնն ըլլալով լոկ վարել կյանքին արտաքին գործառությունները, ան իրավունք չունի մտնել այնպիսի շավղի մը մեջ, որ բացարձակապես բարոյական է և շիտակ, կը ձգվի մտածման և խղճի ազատության անձեռնմխելի խորանը։

Այսպես, ընդհանուր տեսակետով համառոտակի խոսելե վերջ հարկատվության վրա, անցնինք անոր տրվելիք սիստեմին։

Կարելի չէ որոշ կերպով ըսել, թե մինչև ցարդ Թուրքիո մեջ հարկային ի՞նչ սիստեմ կը գործածվեր։ Ինչպես ամբողջ հին րեժիմի կառավարությունը՝ տուրքերուն հավաքումն ևս հոն կամայական էր։ Տերության գանձը արքունի գանձուն հետ մեկ ըլլալով, հարկային թե՛ դրությունը և թե՛ հավաքման ժամանակը մեկ հատ օրենք կը ճանչնա՝ վեհապետին քմահաճույքը։

Տասանորդը, որ դեռ մեր երկրե չի վերցավ, Աստվածապետական դրություն մըն է։ Ամենեն առաջ սեմական ժողովուրդին՝ մեջ է, որ ան կը գործածվի։ Մարդը իբրև երախտագիտություն զայն կը պարտի իր Աստուծվույն, պետք էր ան զոհ բերել իր աշխատության կամ երկրին պտուղեն կամ կենդանիներեն մաս մը Եհովային՝ շատ անգամ ոչ թե անոր հարգանք մը ընելու համար միայն, այլ անոր բարկությունը իջեցնելու։ Հետո կամաց-կամաց տաճարին ծառայող քահանաներն են, որոնք իրենց իրավունքը կը դարձնեն տուրքը։ Իսրայելացին պարտավոր կը դառնա երկրին բերքերուն տասներորդ մասը հատկացնել գեղացիներուն, որոնք ծառայելով Աստուծո՝ ատով միայն կարող կըլլային ապրիլ։ Այս սովորությունը