Էջ:Daniel Varoujan, Colleced works, vol. 3 (Դանիել Վարուժան, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/106

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Այս տուրքը քաղաքացիներուն եկամուտեն միշտ նույն (quote-part[1])-ը կը վերցնե՝ համեմատաբար եկամուտին քանակին։ Բաժանողը միշտ նույնը կը մնա և կը փոխվի միայն բաժանելին. օրինակի համար՝ տուրքը նկատելով եկամուտին տասներորդը՝ այն որ 300 ֆրանք եկամուտ ունի, պետք է վճարե 30 ֆրանք, 500 ունեցողը՝ 50, 1000 ֆրանք ունեցողը՝ 100, 10000 ունեցողը՝ 1000 և այսպես հաջորդաբար հաստատուն պահելով միշտ (quote-part,)-ը որ 10%-ն է։ Այս դրությունը առջի հայացքով արդար կը թվի՝ թեպետև ուշադրությամբ խորհրդածելով կը տեսնինք, թե անիկա հեռու է ընկերության մեջ հավասարությունը և արդարությունը իրագործելն։ Համեմատական տուրքը ուրիշ բան չըներ, բայց եթե միևնույն զոհողությունը պահանջել աղքատեն և հարուստեն հավասարապես՝ մինչդեռ հարուստը պիտի կրնար և պարտական էր դեռ. ավելին օժանդակել ընկերության բարօրության համար, իսկ աղքատը միևնույն օժանդակությունն է, որ կընե՝ համեմատությամբ այնպիսի եկամուտի մը, որ արդեն առանց այդ զոհողության ալ իր տարրական պետքերուն իսկ չի բավեր։ 300 ֆրանք փոքրիկ եկամուտի մունեցողին համար 30 ֆրանք զոհողություն խիստ զգալի կը դառնա, երբ այդ 300-ը լոկ կարելի է սահմանել անհրաժեշտ պետքերու։ Մինչդեռ տուրքը հարկ է տալ մեր ունեցած ավելորդովը։ «Ողորմություն ըրեք ձեր ավելորդովը» կըսե Քրիստոս։ Բայց ավելորդը շատ ենթակայական և կամայական նշանակություն ունի։ Պիտի առարկին մեզ։ Ճիշտ է այդ, բայց մասամբ․ ո՞վ միթե պիտի համարձակի ավելորդ չնկատել բոլոր այն փափաքներու գոհացումը, զոր սոսկ երևակայությունը կը ծնանի բաղդատմամբ այն անհրաժեշտ պետքերուն, զոր մեր կյանքի գոյության և պաշտպանման օրենքը կը պահանջե։ Ցուրտե և մերկութենե պատսպարվելու համար համեստ հագուստի մը և զարդարուն հագուստին միջև միշտ ավելորդ բան մը կա, ո՞ւր մնաց, եթե այդ հագուստը սեթևեթյալ է, և սեթևեթը այդ չի դադրիր այսօր մեր քաղաքակրթության սնափառությունը սնուցանելու։ Գեղարվեստ

  1. Մաս, բաժին։