Էջ:Daniel Varoujan, Colleced works, vol. 3 (Դանիել Վարուժան, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/116

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

13. ՀԵՐՈՍԸ

Շոբենհավուեր երեք գերմարդեր կընդունի. Սուրբը, Հանճարը, Հերոսը: Ան լավատեսներուն լավատեսը կը դառնա, երբ կըսե, թե անոնք կապրին կյանքին կատարելությունը և գեղեցկությունը․ և այս հանգամանքով արդեն կարելի կըլլա ըսել, թե անոնք կապրին Տիեզերքը։ Տիեզերքը, որ իհարկե ընդունայն տեղը կառուցված պիտի ըլլար, եթե ոչ ոք գտնվեր զայն վայելող գիտակցաբար կամ անգիտակցությամբ։ Խոսինք միայն Հերոսին վրա։ Ան այնքան գերմարդկային հատկանիշներով կը ներկայանա, որ հիները զայն աստվածներու դասին մեջ կը դնեին. հիները իրենց կրոնքը կազմեցին ի հետնագունե և այսպեսով բարձրացան մարզեն հերոսին և հերոսեն Աստվածին։ Հելլեններուն դիքը մարդիկ են՝ կատարյալ իրենց մարմնով, կատարյալ իրենց հոգվով, իրենց միտքը ուժի ի՞նչ սաստկություն որ հղանար, բազուկնին զայն կը շարժեր։ Հոգեկան և մարմնավոր բոլոր կարողություններուն ներդաշնակությունը էակի մը մեծության առաջին պայմանն է։

Եվ ներդաշնակ ու մեծ էակ մը՝ կյանքին օրենսդիրն է, ան դիքերու ազդեն է, դյուցազն է, զի անիկա կամ սպանեց վիշապը, որ արարչությունը կը թունավորեր իր ավերներով, կամ ստեղծեց պատմության ոսկի շրջան մը, կրոնք մը, որ ոչ թե միայն կյանքը կարփավետե, այլ նաև գերեզմանն և գերեզմանին հեռավոր գաղտնիքը։ Այս առավելությամբ օժտված մարդուն մեջ՝ մարդիկ տեսան աստվածի մը սաղմը և աստվածուհիի մը վարդաբույր համբույրը անոր ճակատին վրա։

Այն բոլոր հանգամանքով, որով առասպելներն ու զրույցները մեզի հերոսները կը ներկայացնեն, անոնք մարգարեներեն ավելի բան մը ունին։ Անոնք փոխանակ միայն աստվածներուն շունչը զգալու իրենց հոգիին մեջ, իրենց մարմնովը իսկ կը հպեին անմահի մը մարմնույն․ վասնզի հերոս ըլլալու համար