Էջ:Daniel Varoujan, Colleced works, vol. 3 (Դանիել Վարուժան, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/118

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

<1910>


14. ԿԾՈԻ ԽՈՍՔԵՐ

(Բաց նամակ)

․․․Քերթող,

Ընդունեցա Ձեր գրքույկը։ Շնորհակալություն։ Հատուկ նամակով մը կըսեք. «Հուսամ քանի մը ներբողներ կը հյուսեք հրատարակությանս շուջը Ձեր ընտրած թերթին մեջ»։ Այս նորօրինակ մուրացկանություն մըն է, պարո՛ն։ Ես դափնիի վաճառական չեմ. դափնին, երբ բոլորվի ճակատի մը շուրջ պետք է միշտ ուռճանա անոր ըղեղին հույզով։ Քայց ներեցեք ըսել, թե Ձեր ըղեղը ամեն ինչ ունի, բայց կենսավորող հույզ ամենևի՛ն. երկրորդ օրն իսկ դափնիին տերևները չորցած պիտի թափթփին Ձեր ճակատն ի վար․ ափսո՜ս։ Ձեր գիրքը Ձեզի համար կավե արձան մը միայն կրնա ապահովել։ Ի՞նչ կա անոր մեջ ներբողվելու արժանի, բառերու կուտակո՞ւմը, թե խժալուր ածականներու արշավանքը։ Կան իմաստներ, որ դաստակիս պես տափակցած են, և կան պատկերներ, զոր չարշըճիներն իսկ կը գործածեն ամեն օր, երբ գետնախնձորի կամ լուբիայի սակարկություն մը ընեն։ Քայց նշմարեցի Ձեր գրքին մեջ կան քանի մը գեղեցկություններ, որոնք կանգունը 60 փարանոց պասմաներուն կը նմանին, ապահով եղեք, պարոնս, գույներնին պիտի նետեն անոնք զորավոր արեգակի մը տակ, կամ եթե երբեք գրադատությունը զանոնք հեղ մը վերեն վար լվա։ Դուք հնահավաք մը կը թվիք։ Ձեր գիրքը այն զամբյուղներեն է, որուն մեջ նետած եք Ալիշանի, Դուրյանի և Սիամանթոյի բոլոր հինցած կոշիկները. ու ներեցեք ըսեմ, թե ինծի պես աղքատիկի մը մեկ փոխնորդ շապիկն ալ կար անոր մեջ։ Գթացե՞ք, պարոն քերթող, գթացեք ի սեր բարեկամության, գոնե իմ շապիկս Ձեր կռնակին վրա իմ բերանով ներբողել մի տաք։