Էջ:Daniel Varoujan, Colleced works, vol. 3 (Դանիել Վարուժան, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/127

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Պատասխան երկրորդ հարցումին

Մեր հիմնական կարծիքներեն մեկը այն է, որ լեզվի մը բոլոր հատկությունները ուղիղ կը համեմատին միջավայրի ազդեցության և ժողովուրդի մը քաղաքական շարժումին հետ։ Արևելյան և արևմտյան աշխարհաբարները և իրենց գրականությունները խորունկ դրոշմը կը կրեն այդ ազդեցության և այդ շարժումին։ Այդ երկու բարբառներուն սրտուկը գերազանցապես հայ է՝ վասնզի հայ ցեղին հոգիեն և նախնիներու լեզվին բունեն ճյուղավորված են։ Բայց զանազան պատվաստումներ անոնց վերադրած են զանազան հատկանիշներ։ Հայ տարրին երկու հատվածները երկու ո՛չ նման քաղաքակրթություններով խմորված՝ բռնած են զարգացման և մշակույթի իրարմե տարբեր շավիղներ։ Արարատի այս ու այն կողմը ուռճացած զույգ մը եղեգներու պես կոծված են այլաշունչ քամիներե ու հետևաբար եղանակավորած են այլանվագ խաղեր, որոնց շեշտերը այսօր մերկապարանոց կը տեսնվին երկու բարբառներուն և գրականություններուն մեջ հավասարապես։

Ահա արևմտյան աշխարհաբարը, գրեթե մաքրված գրաբարի մզզանքներեն, բայց անոր շատ մոտ իր ներքին արժեքով, բառերով ու ոճերով․ իր ձևերուն մեջ այլազան և բազմատարազ․ վեպին մեջ մեղկ, ստեպ սահուն, հզոր՝ քերթողներու և հրապարակագիրներու գրչին տակ և ընդհանրապես՝ ջղուտ։

Իսկ ահա արևելյան աշխարհաբարը՝ մյուսեն գրեթե հակոտնյա իր մշակումով. վեպերուն մեջ բնական, ժողովրդական և գերազանցորեն քաղցրահնչուն․ իր քերթողության և լրագրության մեջ ավելի հռետորական, քան թե հզոր, ավելի վարդապետական, քան թե իտեալական․ այս կետին մեջ թեպետև Հովհ․ Թումանյանի և Ա․ Իսահակյանի նման բացառություններ կան, որոնց գրածներեն շատերը աշուղական բնույթ ունին և լեզուն իսկապես բանաստեղծական ըլլալով հանդերձ՝ պետք ենք խոստովանիլ, թե ամբոխամոլ է։ Արևելյան բարբառը ընդհանրապես հարմարցված է ժողովուրդին զարգացման կամ ավլի ճիշտը ենթարկված է անոր հասկացողությանը, վասնզի