Էջ:Daniel Varoujan, Colleced works, vol. 3 (Դանիել Վարուժան, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/13

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ինկա։ Երկնային զգացում մը ամբողջ էությունս տիրեց և մտածումներս նվաճեց։

Քանի մը տժգույն վարդեր կային. ձեռքս․ զանոնք շիրիմներուն հանձնեցի, և հոգիս հեծկլտաց․

«Վերջին վարդերն են, կենդանի բնության վերջին վարդե՜րը, ով ա՜լ մեռած անցյալին աղվոր հոգիները։ Ի՞նչ բան կրնամ ձեզի հիշատակ տալ, որ զիս աստուծո արդար նայվածքին տակ հիշեք․ աղոթքներուս հետ աշնան լոկ այս վարդե՜րը. առեք. ասոնք հոգեվարք արշալույսը և չորցած, ցամքած դաշտերը հանձնեցին ինծի։ Առեք մահամերձ բնության այս հետին ժպիտները, կարծես կյանքի մը այս հետին մնացորդը, հետին իղձերը․ առեք թոշնած ծաղկե այս պահապանները, որոնց մեջ դրի այն բոցերը, որ մեջս հառաչանքը կը կազմին, այն մրրիկները, որ տառապանքը կը մռնչին․ հոն զետեղեցի վայրագ անեծքներս՝ ճակատագրին դեմ եղած, և անոնց քով աղոթքներս, որոնք զՀույսն ստեղծող էակը կը փնտռեն։

Պանդուխտ սիրելինե՜ր, լոկ հիշատակով ձեզմե կը բաժնվի և հիշատակով ձեզի հետ կը խոսվի։

Կյանքի լուծին ներքև ընկճված գլուխներ, վշտին մեջ փոշիացա՜ծ անդամներ, բաժանումով և կարոտով ցամքա՜ծ երակներ, ձեզի կողբամ, կը հիշե՞ք ձայնս, որ ձեր թողած արձագանքներուն թրթռումն ունի, կը ճանրնա՞ք արցունքս, որ ալպերուս մեջ ձեր արցունքին համար սնավ։

Միշտ սրբազան նպատակի մը ետևեն հևհևացիք՝ ընտանիքի Սերը, որ գուրգուրանքով և եղբայրության վսեմ Զգացումը անձնվիրաբար տածելով։

Ապրեցաք ժամանակ մը, այսինքն երբ սիրեցիք՝ տատասկ մը մխեցին ձեր կուրծքին, երբ հուսացիք՝ ամպոտ ծնավ արշալույսն, երբ ըղձացիք՝ գերեզմա՜ն մը բացվեցավ ձեր առջև։

Այսօր կը ննջե՜ք այլևս. գարուններ թոռմեցան, ամառներ մարեցան, հիմա աշունն է, որ ձեր վրա վերջին շունչը կուտա, արևն է, որ վերջին բոցը կը մարե, ծառերն են, որ վերջին տերևը կը թափին, ծիծառն է, որ վերջին երգը կերգե, սիրտս է, որ վերջին արցո՛ւնքը կը քամե։