Էջ:Daniel Varoujan, Colleced works, vol. 3 (Դանիել Վարուժան, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/131

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

1912


16. ԹԵՐԶՅԱՆԻ ԽՆԴԻՐԸ ՏԵՂՎՈԻՅՍ ՄԵՋ

Եվդոկիայի հայ կաթողիկե հասարակության մեջ երկար ժամանակե ի վեր սկսած էր ընդդիմադիր հոսանք մը Թերզյանի և իր արբանյակ կղերներուն հանդեպ։ Լուրջ միտք մը շուտով պիտի ըմբռներ, թե լսված բողոքները չեն մասնակի կարծվածին չափ, այլ երթալով ծավալ կը գտնեն և կսպասեն պատեհ առիթին՝ արտահայտվելու համար իրենք արդարադատության ամբողջ թափովը։ Անհեռատես կաթոլիկ կղերը այդ առիթը, զոր միշտ պատրաստելու վրա էր, վերջապես ստեղծեց։ Քեչեճյան Լևոն Գերապայծառը՝ մին Թերզյանի ամենեն հավատարիմ ծառաներեն, որ մեկնած էր իր թեմեն ժողովուրդին ճակատագիրն որոշելու առանց նախապես ժողովուրդին կարծիքն ալ առնելու, որ Հռովմի մեջ ստորագրած էր հասարակության ճակտին դրված բոլոր հովվական ամբաստանաթուղթերը՝ այժմ կը վերադառնար քաղաքս հանցավորի մը լռությամբ և գրեթե ծածուկ՝ նման անոնք, որոնք անուղիղ ձեռնարկներու կը հետամտին։ Ժողովուրդին հլու հպատակության մասին չափազանց լավատես և գոտեպնդված իր նախկին ձեռնարկություններուն անպատիժ մնալեն՝ Ավագ Շաբաթ երեկո կը խոսի քարոզ մը, որ մեկ կողմեն սպառնալիք էր, մյուս կողմեն բառին ժողովրդական իմաստով ճիզվիթական կեղծ ներողամտություն, որուն մեր պետք ունենալը ինքնին արդեն միամտություն պիտի ըլլար։ Ի մեջ այլոց Գերապայծառը չի՞ քաշվիր հայտարարելու, թե ո՜վ որ առանց Հռովմի Գահին ցուցումներուն և հրահանգներուն Տեղապահ կընտրե և ո՞վ որ կընտրվի՝ երկու կողմերուն ալ բանադրանք կսպառնա։ Ահա հայտարարություն մը, որ իր ամբողջ մերկությամբ ցույց կուտա, թե սա մարդիկը դեռ վազ չեն անցած իրենց բռնապետական միտումներեն։ Ուրիշ կերպ խոսելով ահա կրոնական մենաշնորհ մը,