Էջ:Daniel Varoujan, Colleced works, vol. 3 (Դանիել Վարուժան, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/139

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

քաղաքական հույսեր էին ներշնչում, շարունակելով հավատացնել թե ֆրանսիական թագավորը կը լսե Պապին, երբ այս վերջինը կառաջարկե նրան հովանավորել հայերեն։ Եվ պետք է խոստովանիլ, որ հայ եկեղեցականների մեջ կային և այնպիսիները, որոնք կարող էին եզվիտների համար համբերողության և ազատամտության օրինակներ դառնալ։ Այսպես, Նահապետ կաթողիկոս թույլ տվեց այդ կրոնավորներին ազատ մտնել հայոց եկեղեցիները, քարոզել այնտեղ։ Եվ երբ հայ հոգևորականները այս պատճառով գահընկեց արին Նահապետին, եզվիտները կարողացան ընծաների միջոցով շահից հրամաններ բերել տալ և Նահապետին նորից կաթողիկոս նստեցնել: Այս իրողությունները ցույց են տալիս, թե որպիսի ահագին եռանդով էր կաթոլիկ պրոպագանդան գործ սկսել Հայաստանում» («Հայկ․ տպգր․», Ա հատոր, էջ 347։ Ընդգծումները մերն են)։

Ուրեմն վերի տողերեն բացորոշ կերևա, թե նահապետ կաթողիկոս ժեզվիթներուն պատիվ և հող է տվեր ո՛չ թե անոնց կրթությունը գնահատելուն համար, այլ խաբվելով, թե Պապը պիտի բարեխոսե Ֆրանսայի թագավորին մոտ և հայության փրկության գործը ձեռք պիտի առնե։ Հույս մը, որով մեզ շատ օրորեցին մինչև որ տեսան հայուն կոտորածն ու արյունը ու իրենց սակարանին անկյունաքարերը բարձրացուցին, մինչև որ Համիտին հետ դարպասներ ըրին ու անոր ղրկած պատվանշանները նախկին պատրիարք Սապաղյանի ձեռքով գարտինալներուն կուրծքը պճնեցին։ Հույսե՜ր և դարպասնե՜ր, ինչո՞ւ համար․ իրենց ցանցերուն մեջ գցելու համար հայոց կարևոր կեդրոնը՝ էջմիածինը։ Երիցս զզվելի էնթրիկներ, զոր ի գործ դրվեցավ ոչ թե չարչարվող ժողովուրդ մը փրկելու ուղղակի և վեհանձն մտադրությամբ, այլ այս փարախեն այն փարախը ոչխարներ քշելու համար։

Մենք այս կամ այն դավանության ջատագովները չենք, բայց երբ կը տեսնենք թե դավանություն մը, կրոնք մը կուգա իր շահերը ապահովելու համար խաչը հանված ժողովուրդի մը