Էջ:Daniel Varoujan, Colleced works, vol. 3 (Դանիել Վարուժան, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/147

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

գործ կը հայտնե, թե որքա՜ն սքանչելի նկարագրող մըն է եղած անասունները։ Լիլ այսպեսով է, որ աշխատեցավ վերադարձ ընել դեպի դասականը. ան ավելի նկարչական ըրավ ու նվազ խորհրդածական։ Վիպական իրապաշտներեն անո՜վ կը տարբերին պառնասյանք, որ այս վերջինք իրերու և դեպքերու գեղեցիկ մասերը միայն կընտրեն ու կը նկարագրեն, մինչ իրապաշտները կը նկարագրեն այնպես, ինչպես որ անոնք են, գեշ կամ աղեկ, հզոր կամ տկար, լա՜վ կամ վատ։ Ոմանք կը նկատեն, թե պառնասյանները պարզ լուսանկարիչներ են․ սխալ է այս․ լուսանկարն իրը կառնե եղածին պես․ լուսանկարչության մեջ զանազանություն չկա, մինչդեռ ըսինք, պառնասյանները կառնեն այն մասը, որ հրապուրիչ է, որ կրնա հուզել։

Պառնասյաններու փթթումին՝ երիտասարդություն մը կար, որ տառապած էր, հյուծած էր․ այդ երիտասարդությունը ֆրանս<ական> հեղափոխությամբ ու հռոմեական քաղաքակրթության հմայքով պարուրված, անոնցմե ազդված, ջղայնացած էր։ Այն կապրի մինչև այսօր ալ ու կը ջղաձգվի ամենանուրբ երաժշտութենե։ Անոնք Փարիզի մեջ կը թափառեին՝ ոևէ կապ չունենալով ոևէ մեկուն հետ․ զիրենք կը նկատեին զրկյալներ, տվայտողներ․ անոնք «ճին» կը խմեին և հաշիշ կը ծխեին․ անոնք ստեղծագործելու, նոր կյանք մը ստեղծելու երևույթ մը ունեին։ Երբ օր մը Լըգոնդ տը Լիլ կարտահայտվեր, բազմության մեջեն ծիծաղեցավ այդ երիտասարդներեն մին․ Վեռլե՜նն էր այդ, և արդեն ստեղծված էր խորհրդապաշտությունը (Symbolisme)։ Անոր նախաշավիղը եղան Վակներյան նվագները, և արդեն Գերմանիո մեջ կապրեր խորհրդապաշտությունը։ Գերման ժողովուրդներ՝ իրենց անտառներու, մթամած թանձր թավուտներու միջավայրին իբր արդյունք՝ օժտված են առավելապես խոր զննահայեցողությամբ ու ծնունդ տված Վակների երգերուն նման միստիկական, խորունկ արտահայտությանց։ Խորհրդապաշտությունը Վակների ազդեցության տակ տարածվեցավ Ֆրանսա և ուռճացավ հոն։ Թե ինչպե՞ս կրնանք սահմանել խորհրդապաշտությունը։ Զանազաններ մինչև այլաբանություն կը հանեն զայն, մինչդեռ այնպես չէ։ Խորհրդապաշտությունն իր արտահայտություն ըկառնե ուղղակի