Էջ:Daniel Varoujan, Colleced works, vol. 3 (Դանիել Վարուժան, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/150

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

1913


19. ԳԱՂԱՓԱՐԻ ԱՍՊԵՏ

Քիյար մարդկության Սրտին մեկ բաբախյունն է։ Ան քաղաքակրթության այն հառաջամարտիկներեն եղավ, որոնք իրենց ամբողջ կյանքը կուտան՝ ոևէ ազգ կամ անհատ, որ ազդակ մը կրնա ըլլալ մարդկային հառաջադիմության, կործանիչ տարրերեն ազատագրելու համար։

Իր կյանքը, բնական իրավակարգով մը անշուշտ, կապվեցավ մեր տառապանքին ու մեր պայքարին հետ, ու այսօր իր մահվամբբ՝ մենք մեր ապագա Պանթեոնին մեջ անմահություն մը ևս վաստկեցանք։

Ծեծերը միայն կը սիրեն մեծ վիշտերը, ու Պայրըն սիրեր Ելլադան, Քիյար սիրեց Հայաստանը, միակ վերքը գուցե՝ երկրագունտիս կուրծքին վրա պեղված։ Ան սիրեց հայ Ցեղը իր դարավոր հավատքին համար, հայ Ժողովուրդը՝ իր զոհաբերումին համար, հայ Միտքը՝ իր ստեղծագործության համար․ Ան, մերինեն ավելի զորավոր հավատքով մը կարծես, հավատաց մեր Ապագային, որ պիտի գար օր մը իր հաղթանակով արշալուսելու նահատակներուն աճյուններեն սկսյալ մինչև կատարները քաջերու Գողգոթային։

Քիյար ծնած էր ֆրանսացի և ապրած էր Մարդկության համար․ մանրանկարն էր այն նույն ինքն Ֆրանսային, որ իր Մեծ հեղափոխությունը, միլիոնավոր զավակներուն արյունովը դիեցուցած, նվիրեց Աշխարհին․ նվիրեց ինքզինքը իր լեզվով, իր գրականությամբ և համամարդկային երջանկության իր երկունքով։

Քիյար ծառայեց ազգի մը, զոր ուրիշներ զգետնեցին, որուն լեղի ու քացախ մատռվակեցին։ Հիմա՜ր պիտի կոչեին շատեր, Վե՜հ պիտի կոչեին ուրիշներ անոր, որ սպասարկեց Խաչելության մը։ Եվ ո՞չ ապաքեն նախ այդ Խաչելության ճակտին