Էջ:Daniel Varoujan, Colleced works, vol. 3 (Դանիել Վարուժան, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/153

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Եփրեմ քալեցին Վարդանին՝ Խենդի հերոսին ճամբով․ Սերոբ Աղբյուր և Գեորգ Չավուշ Ասլանի մարմնացումը եղան։ Հայ հեղափոխությունը իրականության վերածեց Րաֆֆիի ոչ-պատմական կոչված վեպերը։ Ասիկա մեծ տաղանդին ուժն էր, որ կը հրապուրեր ապագան և իր սկզբունքներուն կը հպատակեցներ այն կայծկլտուն սաղմերը, որոնք հետո պիտի բռնկեին ու առաջ բերեին ազգային կյանքին մեջ ահագին հեղաշրջում մը քաղաքական, ընկերային և հոգեբանական։

Եվ դեռ այսօր նոր սերունդը զերծ չէ անոր վեպերուն դյութանքեն։ Ճանչցվեցան անոր գաղափարները, ապրվեցան անոր հերոսները, բայց դեռ կա Րաֆֆիի մեծագույն մարգարեությունը, որ ԽԵՆԴԻՆ վերջին գլուխը կր կազմե։ Հայրենի երկրին ապագան ուրվագծած է հոն մեծ վիպասանը․ բեղնավոր և շինարար կյանքը, զոր կապրի հայ ժողովուրդը այդ էջերուն մեջ անշուշտ մեռյալ տառ պիտի չմնա՝ ինչպես չմնացին իր բոլոր մյուս գուշակություններն ու քարոզները․ պիտի իրականանա ան, երազը մարմին պիտի առնե և մարգարեությունը՝ կատարում։

Ինչպես կը տեսնենք Րաֆֆիի տաղանդը ինչչա՛փ ազդեցություն ներգործեր է ամբողջ ժողովուրդի մը ճակատագրին վրա։ Այդ ազդեցության մեջ որոշ բաժին ունեցեր է նա և իր հոսուն լեզուն և հրապուրող արվեստը։

Իր արվեստը գերազանցորեն ժողովրդական է և հետաքրքիր վիպասանի շահագրգռող բոլոր հատկություններն ունի ան։ Իր վեպերը այն տեսակ երկերեն են, որոնց համար քունդ կը զոհես մեկ գիշերվան մեջ ավարտելու հատոր մը։ Իր տիպարները պարզ են, առանց նկարագրի բարդություններու։ Այնքան ալ մանրակրկիտ կերպով վերլուծած չէ զանոնք. և այս գուցե իր գլխավոր թերությունն ըլլա, թերություն մը, որուն վրա պիտի պնդե գեղագիտությունը, բայց պիտի ներե ժողովուրդին պարզ հասկացողությունը և օգտապաշտ տրամադրությունը։

Վերջացնելե առաջ մեր այս հակիրճ տեսությունը կրնանք վստահորեն ըսել․ Րաֆֆի իր երկարաշունչ վեպերով միակն եղավ այդ արվեստին հաղթական կոթողը կերտողը մեր