Էջ:Daniel Varoujan, Colleced works, vol. 3 (Դանիել Վարուժան, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/155

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

21. ՅԱՐՃԱՆՅԱՆԻ ՔԵՐԹՈՂՈԻԹՅՈԻՆԸ

Յոթը տարի առաջ էր երբ Ժնև կերթայի․․․ Առաջին անգամ ուզեցի Յարճանյանը տեսնել։ Գտա զինքը Լեմանի գեղածիծաղ ափերուն վրա։ Յարճանյան ազատ ու անկախ երիտասարդի մը տպավորություն ըրավ վրաս, բայց բավական հոգելքված ու վհատ կը գտնեի զինքը. անհույս էր իր գրական ապագայի մասին․ ես իր փառքը իրմե ավելի մեծ և լուսավոր կը տեսնեի. նոր էր հրատարակած «Հայորդիներուն» երրորդ հատորը։ Այգիներով եզերված ուղի մը մեզ դեպի հանդիպակաց բլուրը կառաջնորդեր։ Քամին կը տանջեր ծառերուն ծոցը։ Նույն պահուն եղբայրակիցս տրտմորեն ըսավ ինծի․ «Ահա դեղին թերթ մը. ապացույց նշանը քերթողիս ապագային»։

Դեղին տերև մը ինկած էր ուսին վրա։ Իր կարգ մը ընկերները արհամարհանքով վերաբերված էին իր բանաստեղծական արվեստի մասին, իր երազները անցած շրջանի քերթողության մը տժգույն և ապաժաման փթթումը նկատած էին։ Այս էր իր հոռետեսության մեծ, բայց կարճատև պատճառը։ Ու որքան ուրախ ենք այսօր, երբ դալուկ տերևը մրրկավար՝ չքացած է առհավետ, ու փոխան անոր իր ճակտին կարտախուրենք դափնիի ոստ մը մշտադալար։

Արիանայի հոյակապ թանգարանին բարձունքն էինք։ Հոն, հորիզոնին վրա վեր կը կարկառվեր Սպիտակ լեռը։ Քովս էր Յարճանյան նույն գեղակարկառ հասակով։ Որչա՜փ այդ քերթողը նման էր այդ լերան, երկուքն ալ սպիտակ, աստեղահուպ, երկուքն ալ խորանկ ու մրրկոտ սիրտերով։

Ուրկե՞ կուգար Յարճանյան, այդ «սպիտակ տղան» ի՜ր բառերով Արաբական փրփրերախ նժույգ մը և կարապ մըն էր միանգամայն։ Ու կարապը կազմված էր Ակնի մեջ, գուցե հնդիկ Ակնյուսի, գարնան ու կրակի աստվածին հյուրընկալ քաղաքը՝ ըստ Ա․ Արփիարյանի։ Անոր այգիներուն մեջ, իբրև