Էջ:Daniel Varoujan, Colleced works, vol. 3 (Դանիել Վարուժան, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/159

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ոգեկոչող երգիչն է, ռազմերգու մըն է։ Իր հերոսները քաջությունը քաջության համար չեն պայքարիր՝ ինչպես հիները կընեին ընդհանրապես։ Բառին դասական և միևնույն ատեն արդի իմաստով առաքինի մարդիկ են անոնք՝ հայրենիքի տառապանքով հերոսացած՝ սնած՝ տնտեսական ու քաղաքական իմաստասիրական սկզբունքներով, որոնք կը վիճին, կը ճառեն ու իրենց սկզբունքները իրենց քաջությամբ կը ձկտին կիրարկել ու ապրեցնել։ Յարճանյանի տիպարներուն մեջ ոչ մեկը միամիտ է, նույն իսկ մայրերը ու որբիկները գիտեն, թե ինչո՞ւ համար կը տառապին։ Բոլորն ալ վերլուծած են իրենց ցավն ու պայքարը և գիտեն թե ուրկե կը բխի իրենց արցունքը և ո՜ւր կը դիմե իրենց հարվածը։ Այս դյուցազուններուն համար կռիվը պարտականություն մըն է՝ բնության իրավակարգեն և հայրենիքեն պարտադրված։ Ով որ հայ մարդ է՝ պիտի պայքարի կամ պիտի դրժե իր արյունին և իր պատկանած ազգին դեմ։ Մինչդեռ հին դյուցազներուն համար կռիվը իրավունք մըն էր, գրեթե արհեստ մը, կը կիրարկեին զայն իրենց ուզած ժամանակ։ Գեղեցիկ Բրիսանուշի համար Աքիլլես քեն կըներ և իր ընկերներուն հետ պատերազմի չէր մտներ Իլիոնի դեմ, և այդ իր իրավունքն էր։ Զինքը պետք էր ողոքել և խնդրել իրմե, որ կապե զեն ու զարդը և կշռե լայնաստվեր նիզակը։

Հին դյուցազները աշխարհակալներ էին կամ ասպետներ, նորերը՝ Յարճանյանի հերոսները, հեղափոխականներ են կամ առաքյալներ։

Երևակայությունը Սիամանթոյի տաղանդին ամենեն տիրական գիծն է։ Ան իրերը և դեպքերը բոլորովին նոր և ինքնահատուկ ձևով մը կը դասավորե և կը գունագեղե։ Կիկլոպե մըն է քերթողը․ այն սարսափելի աչքը, զոր Աստված իր լուսեղեն մատով բացած է ըղեղին վրա, թե խոշորացույց մըն է և թե գեղագիտակ մը, որ ամեն բան կը տեսնե հսկայական համեմատությամբ։ Երևակայության միացած գաղափարականը՝ հռետորությունը կը ծնի․ երևակայության միացած զգացումը կը ծնի վսեմը։ Յարճանյանի արվեստը արդյունք է այս երկու զուգավորումներուն։ Հեղինակներ կան, որ հզոր հուզումե մը