Էջ:Daniel Varoujan, Colleced works, vol. 3 (Դանիել Վարուժան, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/16

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

3. ԵՂԵՐԵՐԳ

Ազոլոյի ծիծաղկոտ դաշտերեն, նոր փթթած ծաղիկներու ծոցեն՝ այս անգամ կյանքի տեղ մահն ըմպեց Մխիթարի որդեդիրը․ Հ<այր> Հակոբոս Իսավերտենց ալ չի կա՜։ Այս տարի գյուղիս փոքրիկ գերեզմաննոցին մեկ անկյունը, քանի մը քայլ գետնի վրա դալարներ չբուսան․ Մահն էր, որ գարնան սկիզբեն իր վարազի խանձող թևերը տարածեց հոն։ Հառա՜չ մը՝ այդ։ հողին վրա։

Մխիթարյան երկնի համաստեղութենեն աստղ մըն ալ մարեցավ, պակսեցավ․ բայց իր լույսը մտքերու մեջ կը ճառագայթե, և իր ծպտումը սրտերու մեջ կը ծաղկի։

Անեծք մը՝ անգութ մահվան։

Հայ գրականության մեջ խոնջած գլուխը դագաղ դրին ասկե երկու օր առաջ։ Իր ալևոր դեմքը կարծես ծպտեցաք սևություններուն մեջեն․ այդ ժպիտը ձյունածաղկի մը պես մելամաղձոտ էր ու կարծես աշխարհը կը ծաղրեր հեգնորեն։ Արդեն ճանչցած էր անիկա այս ունայնությունը և վշտի հովիտը։

Արցո՛ւնք իր դագաղին վրա։

Արցո՛ւնք իր դագաղին վրա, որ գերեզման կիջնե։ Անիկա մեզի սիրեց և սիրով մեռավ․ թող սիրվի իր հիշատակը։ Լացե՛ք վրան, լացեք մեր ալևոր Հայրը, որ մեզի կը թողու և հրեշտակներու աշխարհը կը դիմե։ Հա՜յր, ողջո՜ւյն տար մեր անզուգական նահապետին․․․։

Ո՜հ։ Երկինքը կը տխրի, կամպոտի․ անձրև մը կիյնա գերեզմանին վրա․ ի՜նչ, գարո՞ւնն ալ կուլա․․․

Փունջ մը աղո՜թք սուրբ շիրմին առջև։